Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Թիրզեին:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է հայ-գերմանական բարեկամական հարաբերությունները եւ արդյունավետ համագործակցության շարունակական զարգացումը: Հանրապետության ղեկավարի համոզմամբ, բարձրաստիճան փոխայցելությունները եւ դրանց ընթացքում տարբեր ոլորտներում փոխգործակցության հնարավորությունների քննարկումն զգալիորեն նպաստում են երկկողմ կապերի առավել ամրապնդմանը, դրական ազդակներ հաղորդելով եւ՛ քաղաքական գործիչներին, եւ՛ գործարար աշխարհին, եւ՛ երկու երկրների ժողովուրդներին, ընդհանրապես: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Թիրզեի այցը եւս խթան կհանդիսանա հայ-գերմանական հարաբերությունների զարգացման եւ հատկապես միջխորհրդարանական համագործակցության խորացման գործում:
Վոլֆգանգ Թիրզեն գոհունակությամբ է խոսել երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ անցած 20 տարիներին հայ-գերմանական քաղաքական երկխոսության եւ փոխգործակցության մասին՝ ընդգծելով, որ ԳԴՀ Բունդեսթագի եւ ՀՀ ԱԺ-ի միջեւ անհրաժեշտ է ավելի ակտիվացնել շփումները: Բունդեսթագի փոխնախագահի խոսքով, դա թույլ կտա, որպեսզի գերմանացի պատգամավորների մոտ Հայաստանի եւ տարածաշրջանի խնդիրների մասին ճիշտ պատկերացումներ ձեւավորվեն:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են նաեւ տարածաշրջանային խնդիրներին եւ մարտահրավերներին վերաբերող հարցեր:




























