Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ելույթ է ունեցել Մոսկվայի պետական համալսարանի ուսանողների համար, իսկ ավարտին Facebook մակագրությամբ շապիկ է նվիրել համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչիին։ Հանդիպումը կազմակերպվել է վիդեո հարցազրույցի ֆորմատով, որը վարել է վերջին ամիսների ամենատարածված հեռախոսային խաղերից մեկի՝ Cut The Rope-ի հեղինակ Միխաիլ Լյալինը։

Ցուկերբերգը ուսանողներին պատմել է, որ Facebook-ի ստեղծման համար համալսարանից ակադեմիական արձակուրդ էր վերցրել, որն անընդհատ երկարացրել է, քանի որ ցանկացել է «ինչ-որ հիանալի» բան ստեղծել։ Նա ընդգծել է, որ ցանկացել է աշխարհին պարգեւել ինչ-որ կարեւոր, նշանակալի բան, ու այդ պատճառով էլ հենց չի վաճառել Facebook-ը սկզբնական շրջանում։

Ինչպես տեղեկացնում է «Лента.Ру»-ն, Ցուկերբերգին ուսանողները մի քանի հարցեր են ուղղել, մասնավորապես՝ հարցրել են, թե ո՞րն է նրա ամենասիրելի գիրքը, ինչին Ցուկերբերգը չի կարողացել պատասխանել, չնայած վստահեցրել է, որ հաճախ է գրականություն կարդում։

«Ինտերֆաքս»-ը սեփական աղբյուրներին հղումով տեղեկացնում է, որ Ռուսաստան կատարած այցի շրջանակում, Ցուկերբերգը հանդիպել է նաեւ Yandex ընկերության գլխավոր տնօրեն Արկադի Վոլոժի հետ։ Հանդիպման մանրամասները, սակայն, պաշտոնապես չեն հրապարակվել։