Հայաստանի տարածքում շարունակվում են հոկտեմբերի 1-ից մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե զորավարժությունների պլանի համաձայն` ուսումնական կենտրոններում եւ նախորոշման շրջաններում բացազատվել են հրամանատարական կետեր, իրականացվել են ստորաբաժանումների զորահամալրման եւ մարտական ներդաշնակման աշխատանքներ: Ուսումնական կենտրոններում զորահամալրվող ստորաբաժանումների անձնակազմերի հետ կազմակերպվել են մարտական պատրաստության հիմնական առարկաների, ինչպես նաեւ շտաբների ներդաշնակման պարապմունքներ:

Իրականացված աշխատանքներին հետեւելու նպատակով բացազատված հրամանատարական կետերում շրջայց է կատարել ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների ղեկավար, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Տեղում ծանոթանալով կատարված աշխատանքին` ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը տվել է համապատասխան ցուցումներ եւ հրահանգներ:

Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների նպատակներն են ՀՀ ԶՈՒ ծավալման եւ մարտական կիրառման պլանների գործնական ստուգումը, ներգրավված ուժերի եւ միջոցների մարզումը, զորահավաքային խնդիրների կատարման ուղղությամբ ՀՀ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, ՀՀ ԶՈՒ ղեկավարման օղակներին եւ զորահավաքային ռեսուրսներին գործնական փորձի հաղորդումը, զորավարժություններին ընդգրկված ուժերի, միջոցների, զորահավաքային մարմինների եւ ռեսուրսների հնարավորությունների ուսումնասիրումը եւ ճշգրտումը, շտաբների գործողությունների ներդաշնակումը: