Սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում կայացել է արգենտինահայ կոմպոզիտոր, «Արաքս» երգչախմբի հիմնադիր, խմբավար Ժան Ալմուխյանի 80-ամյակին եւ 55-ամյա երաժշտական գործունեության մեծարմանը նվիրված երեկոն:
Ժան Ալմուխյանը ծնվել է 1932թ. Հունաստանում, 1947-ից ընտանիքով հաստատվել Արգենտինայում: Ուսանել է Արգենտինայի ականավոր վարպետների մոտ:
1957-ին մի խումբ արվեստասեր ընկերների հետ հիմնել են «Հայ երաժշտության բարեկամներե ընկերակցությունը եւ «Արաքս» երգչախումբը, որի գեղարվեստական ղեկավարն է մինչ օրս:
Արամ Խաչատրյան համերգասրահում կայացած համերգի ժամանակ Ժան Ալմուխյանի ստեղծագործությունները կատարեցին մենակատարներ Սոֆիա Բաղդասարյանը, Սարգիս Աղամալյանը, դաշնակահարներ Արամ Թուրաբյանը եւ Սեդրակ Երկանյանը: Մի շարք ստեղծագործություններ կատարեց Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը՝ Հովհաննես Չեքիջյանի դիրիժորությամբ:
Համերգի ավարտին Ժան Ալմուխյանի վաստակը գնահատեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեր հոբելյանը՝ 60 գումարած 20 տարին: Դուք 60 տարի ստեղծագործել եք, հաստատվել Արգենտինայում, բայց վերջին 20 տարին նոր որակ է հաղորդել Ձեր ստեղծագործությանը՝ դրանք հայրենիքի ու մայրենիի մասին են: Ձեր հոգին լցված է ազատ ու անկախ հայրենիքի կանչով: Դուք կարողացաք պահել հայկական երգչախումբ, որը մի փոքրիկ հայկական կղզի է հեռավոր Արգենտինայում: Շնորհակալություն ենք հայտնում, որ հայապահպանության հարցում կարողանում եք այդքան մեծ ավանդ ունենալ»:
Հրանուշ Հակոբյանը ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալով պարգեւատրեց Ժան Ալմուխյանին:
«Ես շատ եմ եղել Հայաստանում, ունեցել մենահամերգ, արժանացել ջերմ ընդունելության: Սակայն այսօրվա հանդիսությունը եւ այս բարձր շքանշանը պիտի կրեմ մեծ պատվով եւ ոգեւորությամբ: Սա մեծ խորհուրդ ունի ինձ համար. 55 տարի առաջ մենք հիմնեցինք «Արաքսե երգչախումբը, որը նախ բանակ է, ապա նոր գեղարվեստական խումբե,- նշեց Ժան Ալմուխյանը:




























