Հոկտեմբերի 8-ին Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքի մերձակայքում գտնվող «Իլիյսկսի» զորավարժարանում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Անխախտ եղբայրություն-2012» պայմանական անվանվամբ առաջին համատեղ խաղաղապահ զորավարժությունը:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե զորավարժությունն անցկացվում է ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի եւ միջոցների կառավարման մարմինների ու կազմավորումների օպերատիվ եւ մարտական պատրաստության 2012թ. համատեղ միջոցառումների պլանին համապատասխան: Զորավարժության թեման է Հավաքական անվտանգության տարածաշրջանում ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ զորքերի կողմից խաղաղության պահպանման գործողությունների նախապատրաստումն ու վարումը:

Զորավարժության ընթացքում մշակվելու են հակամարտող կողմերի բաժանման, զինադադարի պայմանների պահպանման վերահսկողության համատեղ միջոցառումներ: ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ստորաբաժանումները կկատարեն հավաքական խաղաղապահ ուժերի ձեւավորման ուսումնական առաջադրանքներ կենտրոնասիական տարածաշրջանի՝ ՀԱՊԿ-ի մեջ մտնող պայմանական երկրում խաղաղապահ առաքելություն իրականացնելու համար:

Ընդհանուր առմամբ, զորավարժությանը մասնակցում է մոտ 950 մարդ, մինչեւ 70 միավոր ավտոմոբիլային եւ 35 միավոր զրահատանկային տեխնիկա, 4 «Մի-17» ինքնաթիռ: ՀՀ զինված ուժերից զորավարժությանը մասնակցում է 30 հոգանոց խաղաղապահ ստորաբաժանումը: