Հայաստանում սիբիրախտ չկա, վերջին անգամ այն արձանագրվել է երեք տարի առաջ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սննդի անվտանգության պետական ծառայության մամուլի խոսնակ Բաբկեն Պիպոյանը` մեկնաբանելով լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե Գումի շուկայում Ծովագյուղից բերված մսից սիբիրախտի դեպք է արձանագրվել:

Նա տեղեկացրեց, որ մոտ մեկ շաբաթ է` ծառայությունը ստուգումներ է իրականացնում Գումի շուկայում, եւ ամեն առավոտ ստուգվում է այն մսամթերքը, որը գալիս է հանրապետություն, արդյոք ուղեկցող փաստաթղթերով է գալի՞ս, թե՞ ոչ: «Ամեն առավոտ ժամը 6.30 մեր աշխատակիցները կարանտինի աշխատակիցների հետ գնում նայում են, թե որ մարզից է գալիս սննդամթերքը, ստուգում են փաստաթղթերը եւ այլն: Այդ աշխատանքները պարբերական բնույթ են ունենալու, ուժեղացնելու ենք հսկողությունը մարզերում»,- ասաց նա: Բաբկեն Պիպոյանը հավելեց, որ քանի որ մսամթերքի ամենամեծ պաշարը գալիս է հենց Գումի շուկա, ուստի իրենք ստուգումներ են իրականացնում նախեւառաջ այդտեղ, եւ Գումի շուկայում ստուգումներ իրականացնող Սննդամթերքի անվտանգության պետական  ծառայությունից բացի, այլ գերատեսչություն աշխատանքներում ընդգրկված չէ, «Սիբիրախտի մասին տեղեկություններ տարածող Գեւորգ Թովմասյան անունով աշխատակից մենք չունենք»,- ասաց մամուլի քարտուղարը:

Գումի շուկայում իրականացվող ստուգումների արդյունքում հիվանդ կենդանու մսի հայտնաբերման 4 դեպք է արձանագրվել, որից երեքի դեպքում մսամթերքը գնացել է երշիկի գործարան` ջերմային մշակման, այսինքն` չի համապատասխանել պայմաններին, բայց նաեւ ոչնչացման ենթակա չի եղել, եւ գրանցվել է մեկ դեպք, երբ մսամթերքը ենթակա է եղել ոչնչացման եւ ոչնչացրել են: «Իսկ սիբիրախտի պարագայում մթերքը չէր կարող գնար երշիկի գործարան: Թե սիբիրախտը ո՞վ է հայտնաբերել եւ որտե՞ղ, այդ հարցին չեմ կարող պատասխանել, որովհետեւ մենք` որպես լիազոր մարմին, նման բան չենք հայտնաբերել»,- ասաց նա:

Սննդի անվտանգության պետական ծառայությունը առաջիկայում մտադիր է ստուգումներ իրականացնել նաեւ այն գոտիներում, որտեղից մսամթերքը բերվում է, հսկողություն իրականցնել հենց մարզերում եւ տեղում ստուգել` մսամթերքը համապատասխանում է չափորոշիչներին, թե ոչ: Թե երբ կսկսվեն ստուգումները մարզերում, Բաբկեն Պիպոյանը հստակ ժամկետ չնախանշեց: