Ոստիկանությունը հայտնաբերել է Գյումրիի քաղաքապետարանից «անհետացած» «ԳԱԶ 13» (Չայկան) մակնիշի մեքենան: Առավոտի ոստիկանության աղբյուրները տեղեկացրել են, որ մեքենան գտնվել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր՝ Գեւորգ Ղուկասյանի տան բակում, եւ այսօր՝ հոկտեմբերի 21-ին մի խումբ ոստիկաններ այն տեղափոխել են Շիրակի մարզի քննչական բաժին: «Չայկան» առգրավվել է որպես գողոն:
Հիշեցնենք, որ Գյումրիի ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամուլի քարտուղար Զոհրաբ Եգանյանը հաղորդագրություն էր տարածել, որում նշված էր, որ համայնքի սեփականությունը հանդիսացող «Գազ 13» (Չայկա) մակնիշի ավտոմեքենան «անհետացել է» քաղաքապետարանի ավտոտնակից հոկտեմբերի 19-ին:
Հատկանշական է, որ Գեւորգ Ղուկասյանը Գալային տեղեկացրել էր, որ մեքենան իրենն է, եւ ինքն է բերել կանգնեցրել է իր բակում: Ըստ այդմ՝ մեքենան նա գնել է քաղաքի ավագանու որոշման համձայն, նա նաեւ ցույց է տվել վճարման կտրոնները:
Նշենք, որ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Վարդան Ղուկասյանն իր պաշտոնավարման վերջին օրերում օտարել է քաղաքապետարանի գույքի մի մասը:
Գյումրիի քաղաքապետարանի տեղեկացմամբ՝ հիշյալ «Չայկան» Ղուկասյանի եղբայրը գնել է 100 հազար դրամով, ինչը քաղաքապետարանը իրատեսական գնահատում չի համարել, եւ դիմել է համապատասխան մարմինների գույքի իրական արժեքն իմանալու համար:




























