Հոկտեմբերի 24-ին Իջեւան քաղաքում տեղի0 է ունեցել ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության  Տավուշի մարզային բաժնի նոր վարչական շենքի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը մասնակցել են ծառայության ղեկավարությունը` ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորությամբ, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման, ինչպես նաեւ իրավապահ մարմինների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք:

ԴԱՀԿ մամուլի ծառայությունից հայտնում են, թե բացման հանդիսավոր արարողությունից հետո իր խոսքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը նշել է,  որ ծառայության  մարզային կառույցների գործունեության բարելավման խնդիրները մշտապես գտնվում են ծառայության ղեկավարության ուշադրության կենտրոնում եւ ընդգծել, որ ստեղծված աշխատանքային պայմանները կնպաստեն հարկադիր կատարողների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Նա վստահություն է հայտնել, որ հարկադիր կատարողներն ամենայն պատասխանատվությամբ կիրականացնեն իրենց առջեւ դրված խնդիրները:

Այնուհետեւ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը շրջել է շենքում, ծանոթացել կատարված աշխատանքներին, ստեղծված պայմաններին ու տեխնիկական հնարավորություններին։ Միհրան Պողոսյանը ծառայության Տավուշի մարզային բաժնի աշխատակից Ռուզաննա Գալստյանին շնորհել է արդարադատության լեյտենանտի կոչում:

Տավուշի մարզային բաժնի նոր վարչական շենքը հիմնանորոգվել եւ վերազինվել է համակարգչային տեխնիկայով։ Բաժինը, որն սպասարկելու է մարզի 4 քաղաքային եւ 62 գյուղական համայնքների բնակիչներին, վերակառուցվել եւ կահավորվել է  ԴԱՀԿ ապահովող ծառայության միջոցներով:

Հավելենք, որ ԴԱՀԿ ապահովող ծառայության Տավուշի մարզային բաժնում 2011 թ. հարուցվել է 2048 կատարողական վարույթ: 2012 թ. տասն ամիսների ընթացքում հարուցվել է 2164 կատարողական վարույթ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 1632 կատարողական վարույթի դիմաց:

Նշենք, որ Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը սկսել է հանրային տեղեկատվական կրպակների՝ «Դատալեքսի» տեղադրման գործընթացը նաեւ ԴԱՀԿ մարզային բաժիններում եւ բաժանմունքներում: «Դատալեքսի» ներդրումը նպատակ ունի ապահովել ընթացակարգային եւ բովանդակային թափանցիկություն ԴԱՀԿ համակարգում ընթացող ցանկացած կատարողական  վարույթի վերաբերյալ: Համակարգի ներդրման արդյունքում կատարողական վարույթի կողմերը հնարավորություն կունենան առցանց համակարգով հետեւել վարույթի ընթացքին, ինչպես նաեւ պարտապան հանդիսացող կողմը կկարողանա մուծումներ կատարել  հանրային տեղեկատվական կրպակների միջոցով` տեղում ստանալով անդորրագիրն ու որոշումը: