Հարավային Կորեայի տարրական դպրոցների առաջին դասարան ընդունվող երեխաների թիվը 2027 ուսումնական տարում առաջին անգամ կնվազի 300 հազարից՝ ցածր ծնելիության ֆոնին։ Այդ մասին են վկայում Կորեայի վիճակագրական տեղեկատվական ծառայության և Կորեայի կրթության զարգացման ինստիտուտի տվյալները, գրում է Yonhap-ը։

Հաջորդ տարի դպրոց կհաճախեն 2020 թվականին ծնված երեխաները։ Այդ տարի երկրում լույս աշխարհ է եկել 272 337 երեխա՝ նախորդ տարվա համեմատ 10%-ով պակաս։

Այս տարի առաջին դասարան է ընդունվել 301 442 երեխա։ Սա ամենացածր ցուցանիշն է 1964 թվականից ի վեր, երբ իշխանությունները սկսել են վարել համապատասխան վիճակագրությունը։ Դեռևս 1968 թվականին առաջին դասարանցիների թիվը կազմում էր շուրջ 1,05 միլիոն։ Այսպիսով, մինչև 2027 թվականը ցուցանիշը կնվազի՝ կազմելով 1960-ականների վերջի մակարդակի մոտ մեկ քառորդը։

Դպրոցահասակ երեխաների թվի կրճատումը մտահոգություններ է առաջացնում դպրոցների փակման, հատկապես գյուղական բնակավայրերում, ինչպես նաև տարածաշրջանների միջև կրթության որակի տարբերությունների խորացման առնչությամբ։

Կանխատեսումների համաձայն, առաջին դասարան ընդունվողների թիվը կշարունակի նվազել մինչև 2030 թվականը, սակայն կմնա 200 հազարից բարձր։ Նման կանխատեսման համար հիմք է ծառայում վերջին տարիներին ծնելիության վերականգնումը. 2024 թվականին Հարավային Կորեայում ծնվել է 238 317 երեխա, իսկ 2025-ին՝ 254 341։