Այսօր՝ նոյեմբերի 2-ին, Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Երուսաղեմի Հայոց պատրիարքության ընդհանրական տեղապահ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանին:

Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը եւս մեկ անգամ հիշատակելով հանգուցյալ Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի գործունեությունը՝ նշել է, որ մինչ օրս պատրիարքարանի հետ ՀՀ սփյուռքի նախարարության գործակցությունը չուներ անհրաժեշտ ակտիվությունը, ինչն ուներ իր օբյեկտիվ պատճառները: «Սակայն առաջիկայում մենք կսկսենք առավել համակարգված ու նպատակային համագործակցել, որը միտված կլինի Երուսաղեմի հայ համայնքի՝ Սուրբ Աթոռի շուրջը համախմբմանը եւ Հայրենիքի հետ կապի ամրապնդմանը»,-ասել է նա:

Սրբազան հայրը նշել է, որ այս հանդիպումն առաջինն էր իր՝ պատրիարքության ընդհանրական տեղապահ ընտրվելուց  ի վեր: «Ինձ համար ծառայությունը մշտապես նվիրական գործ է եղել եւ ես պատրաստ եմ առավելագույնն անել ծառայության մեջ»,-ասել է նա:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Երուսաղեմի հայ համայնքի եւ հայկական եկեղեցու գործունեության վերաբերյալ, համաձայնություն է ձեռք բերվել ապագայում՝ Թորգոմ արքեպիսկոպոսի մահվան կապակցությամբ հայտարարված սգո 40 օրերի, ինչպես նաեւ  պատրիարքի ընտրություններից հետո առավել առարկայական դարձնել ծրագրերը: