Սիրիայում տեղի ունեցող զարգացումները հնարավորություն ընձեռեցին դարասկզբին հայտարարված միջազգային ահաբեկչության դեմ պայքարի համատեքստում մեծ ճնշումների ենթարկվող և վերջին տասնամյակում զգալի կորուստներ կրող Ալ-Կաիդային և նրան հարող, կամ նրա հետ ընդհանրապես կապ չունեցող այլ ծայրահեղ իսլամական կառույցներին, վերագտնել իրենց նոր ձևավորվող տարածաշրջանային զարգացումներում, իսկ «Արաբական գարունը» և նրա շարունակական շղթա հանդիսացող Սիրիան տալիս են այդ հնարավորությունը:
2011 թ-ի դեկտեմբերին Ալ-Կաիդայի առաջնորդ Աիման Ազ-Զաուահիրին հայտարարեց, որ Ալ-Կաիդան ակտիվորեն մասնակցելու է Սիրիայում ընթացող հակամարտությանը` պայքարելով Բաշար Ալ-Ասադի վարչակարգի դեմ: Նույն օրերին սիրիական իշխանությունները բանտից ազատ արձակեցին մի շարք արմատականների, այդ թվում Ալ-Կաիդայի առաջնորդներից Աբու Մուսաբ աս-Սուրիին: Այս ամենից հետո պարզ դարձավ, որ Ալ-Կաիդայի և նրան հարող կազմակերպությունների դերակատարումը սիրիական հակամարտության մեջ գնալով ավելի ազդեցիկ բնույթ է ստանալու: Հակառակ պաշտոնական Դամասկոսի սպասումներին` Աբու Մուսաբ աս-Սուրին և այլ արմատական գաղափարախոսներ սկսեցին քննադատել Բաշար Ալ-Ասադի վարչակարգը` կարևորելով Սիրիայում ծայրահեղ-իսլամական խմբավորումների մարտական գործողություններին ակտիվ մասնակցությունը:
Սիրիայում տեղի ունեցող պայքարը տեղավորվում է իսլամական արմատական շարժումների, առաջին հերթին` Ալ-Կաիդայի գաղափարախոսների կողմից (Աբդալլահ Ազզամ, Ուսամա Բեն Լադեն և այլն) դեռևս 1990-ական թթ. հռչակված «գլոբալ ջիհադի» գաղափարախոսության շրջանակներում, քանի որ Բաշար Ալ-Ասադի շիա-ալաուիական իշխանությունն արմատականների կողմից ներկայացվում է որպես «անհավատների» իշխանություն, և նրանց դեմ պետք է իրականացնել ջիհադ: Սիրիական հակամարտության մեջ հենց սկզբից ներգրավված մուսուլմանական արմատական խմբավորումների, այդ թվում նաև Ալ-Կաիդայի օրեցօր աճող ակտիվությունը ահագնացող չափերի է հասնում:
Այլ ռազմական հակամարտություններում կոփված և ռազմական ճամբարներում պատրաստվածություն անցած արմատականները, ներթափանցելով Սիրիա, նպատակ են հետապնդում ահաբեկչական գործողությունների և բռնությունների միջոցով երկրում ստեղծել անկայունության և լարվածության մթնոլորտ` էլ ավելի խորացնելով քաղաքացիական պատերազմը և այն աստիճանաբար վերածելով ծայրահեղականների ակտիվ գործողությունների թատերաբեմի:
Իսլամականների անզիջում պայքարը Սիրիայի կառավարական ուժերի դեմ, անընդհատ երեւացող Ալ-Կաիդայի սեւ դրոշը Սիրիայի տարբեր հատվածներում, արմատականների կողմից իրականացվող ահաբեկչական գործողություններն ու բռնարարքները, խաղաղ բնակիչների ահաբեկումներն ու առևանգումները, ընդդիմադիրների շուրթերից անընդհատ հնչող իսլամական կարգախոսները վկայում են հակամարտությանը կրոնական աստառ տալու փորձերի մասին, ինչը բավական մտահոգիչ և վտանգավոր է առաջին հերթին Սիրիայում ապրող ազգային և կրոնական փոքրամասնությունների, այդ թվում հայերի համար: Տարածաշրջանային զարգացումների համատեքստում Արևմուտքի կողմից առաջադրված «կառավարելի քաոսի» պայմաններում, Մերձավոր Արևելքը ոչ միայն կարող է սուննի-շիա ներմուսուլմանական հակասությունների, այլև առավել ընդգրկուն էթնիկ-դավանաբանական կոնֆլիկտի վերածվել, իսկ դա անդառնալի հետեւանքներով է լեցուն այս տարածաշրջանի համար:
Մտահոգիչ է նաև այն, որ Սիրիայի զինանոցում առկա քիմիական զենքը, ստեղծված անկայուն և քաոսային իրավիճակում կարող է ընկնել իսլամականների ձեռքը, իսկ այդ զենքի ձեռքբերումը շատ վաղուց է գտնվում Ալ-Կաիդայի օրակարգում: Հարկ է նշել, որ միայն Ալ-Կաիդային է բնորոշ նմանատիպ զենք ձեռք բերելու կամ ստեղծելու համար երկարատև ու ծրագրային մոտեցումը, որի օգտագործումը, հատկապես 2001 թ-ի սեպտեմբերի 11-ից հետո, ռազմավարական տեսանկյունից ևս կապահովի զանգվածային սպանություններ: 1998 թվականին Ուսամա Բեն-Լադենի կողմից հայտարարված այն միտքը, որ զանգվածային ոչնչացման զենքի ձեռքբերումը համարվում է նրա` որպես մուսուլմանի պարտականությունը, դարձավ ապացույց, որ այդ պարտականության իրականացումը կվերածվի իր հետևորդների համար երկար տարիների չլուծված խնդրի, որին նրանք փորձում են լուծում գտնել նաև այսօր:
Հարկ է նշել, որ Սիրիայի մուսուլման արմատականները, ի տարբերություն այլ տարածաշրջանների (օր.` Հյուսիսային Աֆրիկայի որոշ արաբական երկրներ)` ենթարկվելով Ճնշումների 1980-ական թթ. հենց Բաշար Ալ-Ասադի հոր` Հաֆեզ Ասադի իշխանության կողմից, ստիպված էին լքել երկիրը` զրկվելով սիրիական ներքաղաքական կյանքի վրա ազդելու հնարավորություններից: Այդ իսկ պատճառով, ներկայիս պայմաններում, առանց արտաքին մեծ օժանդակության նրանք չեին կարող ազդեցիկ գործոն լինել սիրիական հակամարտության մեջ, ինչը դարձել է իրականություն վերջին զարգացումներում, առավել եւս, որ արմատականները միատեսակ չեն` բազմազան են և աչքի չեն ընկնում միասնությամբ:
Արևմուտքը, Թուրքիան և Պարսից ծոցի միապետությունները զգալի ֆինանսական, ռազմական, տեղեկատվական օժանդակություն տրամադրելով սիրիական ընդդիմադիրներին, այդ թվում նաև ծայրահեղ արմատականներին, փորձում են խաղարկել իսլամականների խաղաքարտը Բաշար Ալ-Ասադին հեռացնելու համար, սակայն դեպքերի զարգացումը Սիրիայում, հնարավորություն չի ընձեռում հակամարտության մեջ ներքաշված կողմերին մոտ ապագայում հասնել որոշակի արդյունքների, առավել եւս կան չլուծված խնդիրներ հենց այդ երկրներում (ԵՄ-ում բազում խնդիրներ կան հենց եվրոպական ընտանիքը պահպանելու տեսանկյունից, Թուրքիայի արևելյան շրջաններում ակտիվացել են կառավարական ուժերի և քրդերի միջև բախումները, Ծոցի միապետություններում ներիշխանական և ներքաղաքական հակասություններ և այլն):
Իսկ հակամարտության երկարաձգումը ձեռնտու է արմատականների համար, որոնք այժմ փորձում են 20-րդ դարի վերջի գլոբալ ջիհադի հայեցակարգը նպատակաուղղել առավել լոկալ խնդիրների լուծմանը` այս առումով ակտիվորեն միջամտելով «Արաբական գարնան» հետեւանքով արագ փոփոխվող արաբական երկրների ներքաղաքական և տարածաշրջանային աշխարհաքաղաքական գործընթացներին: Սիրիան դարձել է այն քաղցր պատառը, որից փորձում են համտես անել ծայրահեղականները, և անկասկած իսլամականները կփորձեն իրենց դրսևորել սիրիական խնդրի լուծումից հետո ինչպես իրենց երկրներում իշխանությունների դեմ պայքարում, այնպես էլ այլ վայրերում, ինչը ապագայում կունենա իր աղետալի հետեւանքները:
Սարգիս Գրիգորյան




























