Պաշտոնական այցով նոյեմբերի 12-14-ը Հունաստանում գտնվող ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար պարոն Պանոս Պանայոտապուլոսի եւ Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Միխաիլ Կոստարակոսի հետ:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես` զորքերի մարտական ծառայության եւ մարտական ապահովման ստորաբաժանումների գործունեությունը համակարգող գլխավոր շտաբերի համապատասխան ստորաբաժանումների միջեւ երկկողմ համագործակցությանը, ռազմական կրթությանը, ոչ-դասական մարտի վարման ուղղությամբ պատրաստությանը, ռազմական արդյունաբերությանը եւ այլ ոլորտներին առնչվող հարցեր:

Այցի ընթացքում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը կայցելի նաեւ Հունաստանի ցամաքային զորքերի ռազմական ակադեմիա, որտեղ ուսանում են հայ կուրսանտները, եւ ռազմական արդյունաբերության ձեռնարկություններ:

Արարողակարգային միջոցառումների շրջանակներում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը այցելել եւ ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հուշարձանին: