Նոյեմբերի 17-ին փորձնական թռիչքի դուրս կգան Արմ Ռոբոտիքս մրցույթի «Անօդաչու թռչող սարքերը»: Թռիչքը տեղի կունենա Արզնի քաղաքի ուսումնական օդանավակայանում, ժամը 11:00-ից սկսած: Փորձնական թռիչքի իրականացման նպատակն է ստուգել ռոբոտների պատրաստվածության մակարդակը, հնարավորություն տալ մասնակիցների մրցութային իրական պայմաններում փորձարկել իրենց սարքերը եւ կատարել վերջին փոփոխությունները մրցույթի եզրափակիչ փուլի համար: Եզրափակիչ փուլը նախատեսվում է իրականացնել 2013թ. մայիս ամսին:

Մասնակիցների առջեւ դրված խնդիրն է նախագծել ու պատրաստել այնպիսի թռչող սարքեր, որոնք թռիչքի ընթացքում կուսումնասիրեն տարածքը, կհասկանան տեղորոշման համար նախատեսված նշանները, առցանց կուղարկեն պատկերները, կգտնեն հատուկ նշանատեղը, նշանատեղին կնետեն մինչեւ 300գ  բեռ եւ կվերադառնան մեկնարկային կետ: Անօդաչու թռչող սարքը կարող է լինել ուղղաթիռ, քուադրոքոփթեր /quadrocopter/, օդանավ, դիրիժաբլ եւ այլն: Ռոբոտի թռիչքը եւ վայրէջքը կարող է կատարվել թե ավտոմատ, թե հեռակառավարմամբ:

Արմ Ռոբոտիքսի կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, տեխնիկական հովանավորը` ԱրթինՎարուժան ընկերությունը, աջակիցները` ՀՀ Պաշտպանության նախարարությունը, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը: