Կոալիցիոն խմբակցությունների մոտ հայրենասիրության պոռթկումը ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը գնահատում է ուշացած եւ անպատեհ: Ինչպես տեղեկացրին «Ժառանգություն» կուսակցությունում NEWS.am-ին, այս մասին նշված է կուսակցության հայտարարության մեջ, որը արված է կոալիցիոն խմբակցությունների՝ ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուի նախագահության շրջանում ԵԽԽՎ-ի աշխատանքներին ՀՀ մասնակցության սառեցման հնարավորության մասին արված հայտարարության վերաբերյալ։
Ժառանգություն կուսակցությունը նշում է, որ Չավուշօղլուի` ԵԽԽՎ նախագահ դառնալու հնարավորությունը կանխելու ուղղությամբ այդ կառույցում «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի ցուցաբերած ստորագրահավաքի ժամանակ հայկական պատվիրակության կոալիցիոն ներկայացուցիչները հրաժարվել էին իրենց ստորագրությունը դնել Փոստանջյանի նախաձեռնության ներքո, իսկ նախաձեռնությամբ սահմանված է եղել, որ ԵԽԽՎ նախագահությունը չի կարող ստանձնել մոնիտորինգային կամ հետմոնիտորինգային փուլում գտնվող երկրի ներկայացուցիչը: Ըստ հայտարարության պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը այն ժամանակ պատճառաբանել էր, թե չի ցանկանում հարաբերություններ փչացնել թուրք հարեւանների եւ ԵԽԽՎ ապագա հավանական նախագահի հետ:
«Նախապես դրսեւորված տարրական անհեռատեսությունն ու անսկզբունքայնությունը կոալիցիոն խմբակցություններին այսօր բերել է այնպիսի վիճակի, երբ նրանք ստիպված են „հաթաթաներ“ տալ մի կառույցի հասցեին, որին Հայաստանը միացել է սեփական կամքով եւ երկարատեւ բանակցությունների արդյունքում, որի շրջանակներում ստանձնել է բազմաթիվ պարտավորություններ, եւ, որից մեծապես կախված է Հայաստանի արտաքին քաղաքական անվտանգությունն ու վարկանիշը: Ցավոք, հենց նմանօրինակ անհեռատես վարքագծի եւ գործելաոճի արդյունքում է, որ Հայաստանը մինչ օրս գտնվում է ԵԽԽՎ մոնիտորինգի ներքո, ունի ցածր վարկանիշ միջազգային այդ ատյանում»,- ասված է հայտարարությունում:



























