Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները Մյունխենում չեն հանդիպելու: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության պետ Տիգրան Բալայանը եւ հավելել, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի այց Մյունխեն եւ հանդիպում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ չի նախատեսվում:
Հիշեցնենք, որ թուրքական Hurriyet Daily News պարբերականը գրել էր, որ Մյունխենում նախատեսված է Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը: «Նախարարները պայմանավորվել են հանդիպել Մյունխենում եւ շարունակել քննարկել ՀՀ ՍԴ որոշումից հետո ստեղծված իրավիճակը»,- գրել էր թուրքական պարբերականը:
Հիշեցնենք, որ Նալբանդյանն ու Դավութօղլուն երեկ՝ հունվարի 28-ին կարճատեւ հանդիպում էին ունեցել Լոնդոնում եւ քննարկել Հայաստանի ՍԴ որոշումը՝ հայ-թուրքական արձանագրությունների՝ Սահմանադրությանը համապատասխանելու մասին:




























