«Ստամբուլի հայ համայնքն այսօր բազմաթիվ խնդիրներ ունի՝ կապված հայկական դպրոցների քանակի շեշտակի նվազման, Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների եւ մի շարք այլ հարցերի հետ»,- հունվարի 29-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
Նշելով, որ ստամբուլահայ համայնքը կարելի է բաժանել երեք խմբի, նա կարծիք հայտնեց, որ դրանցից առաջինում ներգրավված են նրանք, ովքեր անտարբեր են ազգային խնդիրների նկատմամբ, համայնքի սիմվոլիկ մասն են կազմում եւ մտահոգված են բացառապես սեփական կենցաղային հարցերը լուծելով։ Երկրորդ խմբում, թուրքագետի խոսքով, զգուշավոր, հարմարվող եւ վախեցած հայերն են, ովքեր խուսափում են իրենց տեսակետները բարձրաձայնելուց։ «Երրորդ խումբը, որ ամենափոքրաթիվն է, համայնքի ակտիվ հայերն են, ովքեր, սակայն, վճռորոշ դեր չունեն համայնքնային խնդիրների լուծման հարցերում»,- նկատեց Ռուբեն Մելքոնյանը՝ ավելացնելով, որ ստամբուլահայ փոքրաթիվ համայնքի գոյությունը վերջին տարիներին խիստ վտանգված է։
«Խառնամուսնությունները, որ այսօր շուրջ 40 տոկոս են կազմում, հանգեցրել են համայնքի թվի կրճատման։ Նախկին 250-300 հազար քրիստոնյա հայերից Ստամբուլում այժմ ապրում են միայն 50-60 հազարը։ Կտրուկ նվազել է նաեւ հայկական դպրոցների թիվը. Ստամբուլում գոյություն ունեցած 32 հայկական դպրոցներից այժմ գործում են ընդամենը 17-ը, ընդ որում մեծ է վտանգը, որ հայ աշակերտների թվի նվազման հետեւանքով առաջիկա տարիներին դրանցից մի քանիսը եւս կփակվեն»։ Թուրքագետի տեղեկացմամբ մեկ ամիս առաջ մեկ հայկական դպրոց արդեն իսկ փակվել է, իսկ հայ աշակերտների թիվն այսօր մոտ երեք հազար հոգի է կազմում։




























