«Ստամբուլահայ համայնքի բազմաթիվ խնդիրների թվում ամենակարեւորներից մեկը պատրիարքի ընտրության հարցն է, եւ քանի դեռ այդ հարցը լուծված չէ, համայնքը կարծես գլխատված վիճակում լինի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
Նրա խոսքով, ստամբուլահայ համայնքի «գլխատված վիճակը» խիստ ձեռնտու է թուրքական իշխանություններին, եւ նրանք կանեն ամեն ինչ, որպեսզի համապատրիարքի ընտրությունները հնարավորինս ձգձգվեն։ «Թուրքիան կանի ամեն բան, որպեսզի հայ համայնքը, որքան հնարավոր է, երկար մնա ներկայիս ճահճացած վիճակում. պատրիարքարանի պասիվ դիրքորոշումը եւ համայնքի անկազմակերպ վիճակը ձեռնտու են թուրքական կողմին»,- համոզմունք հայտնեց Ռուբեն Մելքոնյանը՝ ավելացնելով, որ իրավիճակը կարող է փոխվել միայն այն դեպքում, երբ Պոլսո Հայոց համապատրիարքի ընտրություններում հաղթի մեկն, ով կկարողանա հայ համայնքին վերադարձնել կյանքի բնականոն հուն։ «Դատելով ծավալած գործունեությունից եւ ելույթներից՝ կարող եմ ասել, որ աթոռակից պատրիարքի ամենահարմար թեկնածուն կարող է լինել Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ սրբազանը»,- նշեց թուրքագետը՝ նկատելով, որ առաջադրված մյուս երկու թեկնածուներից առաջինը՝ Պոլսո աթոռը ներկայացնող Արամ Աթեշյանը, թուրքահպատակ է եւ երբեւէ համարձակություն չի ունենա բարձրաձայնել ստամբուլահայ համայնքի խնդիրների մասին, իսկ Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին Բեքչյանին համայնքը գրեթե չի ճանաչում։
NEWS.am-ի հարցին, թե որքանո՞վ հավանական է, որ ստամբուլահայերը ընտրեն հենց իր՝ թուրքագետի կողմից լավագույն թեկնածու համարվող Սեպուհ սրբազանին, ում եւս համարյա թե չեն ճանաչում, Ռուբեն Մելքոնյանը պատասխանեց, որ թուրքական իշխանությունները ընտրությունները կկազմակերպեն այնպես, որ դրանցում հաղթող կճանաչվի հեշտ կառավարվող, շուտ ենթարկվող Արամ Աթեշյանը, եւ խնդիրը դրանով էլ կվեջանա։
Վերջում նա տեղեկացրեց, որ Թուրքիայում այսօրվա դրությամբ հաշվվում են 42 հայկական եկեղեցիներ, որոնցից շատերը, սակայն, հոգեւոր առաջնորդներ չունենալու պատճառով չեն գործում։




























