Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Լոնդոնում անցկացրած հանդիպումներից հետո հանդես է եկել մամուլի ասուլիսով, որտեղ անդրադարձել է Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպմանը եւ Հայաստանի ՍԴ-ի որոշմանը։

Թուրքական Star-ի փոխանցմամբ՝ Դավութօղլուն նշել է. «Հայաստանի Սահմանդրական դատարանի որոշումը Հայաստանի ներքին գործն է, սակայն մենք այն համոզմանն ենք, որ դրանք գործողության մեջ դնելուց հետո արձանագրությունների հետ համահունչ չեն լինի։ Մեր նպատակն է, որ գործընթացը արձանագրություններին համահունչ շարունակվի, եւ այդ հարցում մեր ձեռքից եկածը կանենք։ Սակայն այն դեպքում, երբ մենք կհավատանք, որ ճիշտ ենք, հաշվի չենք առնի մեր հասցեին քննադատությունները»,-նշել է Դավութօղլուն եւ ավելացրել, որ ինքը, հանդիպելով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ, մանրամասն ներկայացրել է Հայաստանի ՍԴ-ի որոշման հետ կապված իր անհանգստությունները։ Դավութօղլուն լրագրողներին հայտնել է նաեւ, որ ԱՄՆ-ը կողմ է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակվի։