Վերջին շրջանում թուրքական կողմը, մասնավորապես վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես են գալիս այնպիսի անհեթեթ հայտարարություններով, որ տպավորություն է ստեղծվում, թե խոսում է ոչ թե փորձված քաղաքական գործիչը, այլ սովորական մի գյուղատնտես: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Նա նշել է, որ Անկարան ինքն է արհեստական խոչընդոտներ ստեղծում Հայաստանի հետ արձանագրությունների վավերացման համար՝ գործընթացի ձգձգման ամբողջ պատասխանատվությունը բարդելով Երեւանի վրա:

«Մեկ պարզ օրինակ բերենք, դեկտեմբերի 7-ին կայացավ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստը, որտեղ արձանագրությունների վավերացման հարցն անգամ չարծարծվեց»,- նկատեց Շարմազանովը:

Անդրադառնալով Սահմանադրական դատարանի որոշմանը, որը կատաղության հասցրեց թուրքական կողմին, ըստ պատգամավորի, ի տարբերություն այլ երկրների, այդ արարողակարգը պարտադիր էր Հայաստանի համար, «բացի այդ, փաստաթղթում ոչինչ չի ասված, բացի նրանից, որ փաստաթղթերը համապատասխանում են երկրի Սահմանադրությանը»:

«Ինչ վերաբերում է ղարաբաղյան հարցին, թուրքական կողմը երեւի այնպիսի տպավորություն ունի, որ որքան շատ խոսի այդ խնդրի մասին, այնքան մեծ է հավանականությունը, որ կդառնա հակամարտության կարգավորման միջնորդ»,- նշեց Շարմազանովը:

Նա հավելել է նաեւ, որ եթե թուրքական կողմը այդքան մոլեռանդորեն ցանկանում է լուծել ղարաբաղյան հակամարտությունը, ինչպես ավելի վաղ ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, թող չխառնվի այդ գործընթացին եւ դա կլինի Անկարայի ամենամեծ նպաստը կարգավորման գործընթացին:

Խոսելով Էրդողանի նախաձեռնության մասին՝ դիմել Ֆրանսիայի նախագահին, ըստ Շարմազանովի, նրան հերթական դիվանագիտական ապտակն է սպասվում, ինչպես Ռուսաստանի նախագահի կամ ԱՄՆ պետքարտուղարի դեպքում:

Հանրապետական գործչի խոսքով, առավել անհեթեթ է նրա հայտարարությունը «ադրբեջանական հողերի զավթման մասին» ՄԱԿ-ի բանաձեւ շուրջ։ «Եթե պարոն Էրդողանը տառապում է հիշողության կորստով, ես կարող եմ նրան հիշեցնել, որ Թուրքիան ինքն է օկուպանտ՝ զավթելով Կիպրոս կղզու մեծ մասը»,- նշել է ՀՀԿ մամլո քարտուղարը:

Ինչպես նկատել է Շարմազանովը, հատկանշական է նաեւ, որ Էրդողանի վրա ճնշման աճին զուգահեռ՝ Էրդողանի աչքում աճում է նաեւ Թուրքիայում ապրող հայերի թիվը. «Առաջ նա խոսում էր 100 հազար հայերի մասին, այժմ 170 հազարից է խոսում: Ցանկանում եմ հայտնել պարոն Էրդողանին, որ պաշտոնական տվյալներով ներկայումս Թուրքիայում բնակվում է 56 հազար հայ»: