Նորվեգիան ողջունում է Հայաստանի եւ Թուրքիայի ջանքերն` ուղղված երկկողմ հարաբերությունների կարգավորմանը, այդ թվում` սահմանի բացումը եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը: Այդ մասին հայտարարել է Նորվեգիայի արտգործնախարար Յոնաս Գահր Շտյորեն՝ Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 2010 թ. հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց է կատարել Նորվեգիա, որի ընթացքում քաղաքական բանակցություններ է վարել ԱԳ Նախարար Յոնաս Գահր Շտյորեի հետ: Նախարարներն անդրադարձել են հարցերի լայն շրջանակի, որոնց շարքում էին երկկողմ հարաբերությունները, Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակին, ինչպես նաեւ` Եվրոպական ինտեգրմանը եւ համագործակցությանը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Հայտնելով երկկողմ հարաբերությունները հետագայում եւս զարգացնելու փոխադարձ ցանկությունը, նախարարները համաձայնել են ակտիվացնել քաղաքական երկխոսությունը: Նախարարները ստորագրել են ռեադմիսիայի մասին երկկողմ համաձայնագիրը: Նախարար Նալբանդյանը հրավիրել է իր նորվեգացի գործընկերոջը պաշտոնական այց կատարել Հայաստան:

Նախարարները նաեւ մտքեր են փոխանակել ԼՂ խաղաղ գործընթացի վերաբերյալ: Նախարար Շտյորեն վերահաստատել է Նորվեգիայի լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին` ուղղված հիմնախնդրի խաղաղ լուծմանը:

Նախարարները հաստատել են իրենց հավատարմությունը հետագա բանակցությունների ձեւաչափին, ինչպես արտացոլված է 2009թ. ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի աթենքյան հայտարարության մեջ: