«Որպես մարդ եւ քաղաքացի, կարծում եմ, որ քրդերն իրավունք ունեն իրենց լեզվամշակութային, կրթական ու որոշ ազգային հարցերի հետ կապված իրավունքների հարց բարձրացնել, բայց որպես քաղաքական գործիչ, ես միշտ այն համոզմանն եմ եղել, որ դա Թուրքիայի ներքին գործն է եւ չեմ պատրաստվում որեւէ քաղաքական հայտարարություն անել, որը կարող է լրացուցիչ բարդացնել Թուրքիայում ներքին կացությունը»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Սաֆարյանն ու հավելեց. «Իսկ եթե հարցնեք, թե իմ համակրանքն ում կողմն են, ես կպատասխանեմ, որ ես կգերադասեի այս իրավիճակում հավասարահեռ վերաբերմունք ունենալ Թուրքիայի իշխանություններից եւ քրդական կուսակցությունից»:
«Կարծում եմ, որ քրդական խնդրի արծարծումն այսօր Թուրքիայում ամենալուրջ ներքաղաքական խնդիրն է եւ իշխանությունները չեն կարող, պարզապես այն շրջանցել: Հենց դրանով են պայմանավորված Թուրքիայի իշխանությունների բազմաթիվ մոտեցումները տարածաշրջանային եւ այլ հարցերին, այդ թվում՝ Իսրայելի եւ արաբական աշխարհի հետ հարաբերություններում»,- ասաց Ա. Սաֆարյանը:

Հարցին, թե կարո՞ղ են Թուրքիայի ներսում տեղի ունեցող փոփոխությունները, մասնավորապես հայ-թուրքական զարգացումները, ինչպես նաեւ այն, որ օրերս Թուրքիայում քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության համագումարում չի հնչել Թուրքիայի հիմնը, քննադատել են երկրի իշխանություններին եւ գովերգել Աբդուլա Օջալանին, հանգեցնել ներքին փոփոխությունների, անգամ երկրի մասնատման, ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Կարծում եմ Թուրքիայի ներսում տեղի ունեցողը թեեւ սուր, բայց ժողովրդավարական գործընթացներ են: Եթե այն ունենա ժողովրդավարական հանգուցալուծում, ուրեմն Փառք Աստծո: Իսկ եթե դա պետք է հանգեցնի հերթական ռազմական հեղաշրջման, սա արդեն իրավիճակը կբարդացնի, որովհետեւ Թուրքիան այդ պարագայում տարածաշրջանի համար որոշակի խնդիր կներկայացնի»: Նա հույս ու վստահություն հայտնեց, որ այդպիսի բան չի լինի: «Կարծում եմ, որ վերջին 10-15 տարիներին Թուրքիայում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացները ստեղծել են մի վիճակ, երբ կառավարությունը վերահսկում է իրավիճակը: Ես հույս ունեմ, որ չի լինի այնպիսի վիճակ, որ ազգայնական շարժման, քրդական շարժման բռնկումը կարող է հանգեցնել Թուրքիայում հետադիմական իշխանությունների ձեւավորման»:

Ա. Սաֆարյանը նաեւ ընդգծեց, որ Թուրքիայի ներկա իշխանությունները միտված են դեպի Եվրոպա եւ ԱՄՆ, եւ այդ վեկտորը տեսանելի ապագայում չի փոխվի: