Իր պաշտոնը լքող Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին համաձայնել է առաջիկա փետրվարին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններում գլխավորել կենտրոնամետ կոալիցիան: Կենտրոնամետ քաղաքական գործիչների հետ 4 օր խորհրդակցելուց հետո Մոնտին լրագրողներին հայտնել է, որ «կոալիցիայի նոր առաջնորդը» կդառնա:
Հիշեցնենք, որ Մոնտին վերջերս հրաժարական էր տվել, վարչապետի պաշտոնում աշխատելով 13 ամիս: Պատճառն այն է, որ Սիլվիո Բերլուսկոնիի կողմնակիցները հրաժարվել են աջակցել նրան:
Ինքը՝ Մոնտին հստակ հասկացնել է տվել, որ մտադիր է մնալ մեծ քաղաքականությունում: «Նոր քաղաքական միավորում է ծնվել»,-հայտարարել է նա: Բարեփոխումների ցանկը, որոնց օգտին հանդես են գալիս կենտրոնամետ քաղաքական կուսակցությունները, կներկայացվի Սենատի ընտրությունների ժամանակ՝ «Մոնտիի օրակարգն Իտալիայի համար» պայմանական անվանումով, հաղորդում է NEWSru.com-ը:
Խորհրդարանի ստորին պալատի ընտրություններին մասնակցող կենտրոնամետ կոալիցիայի կազմում կլինի նաեւ Իտալիայի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը: Որպես ցմահ սենատոր Մոնտին չի կարող մասնակցել ընտրություններին, բայց կարող է մասնակցել նախընտրական քարոզարշավին եւ կարող է նորից երկրի վարչապետ դառնալ, եթե կոալիցիան հաղթի ընտրություններում:
Նախորդ տարի Սիլվիո Բերլուսկոնիի կառավարության փլուզումից հետո Մոնտին տեխնոկրատների կառավարություն էր ձեւավորել:





























