Ուկրաինայի խորհրդարանի՝ Գերագույն ռադայի պատգամավոր Ֆյոդոր Նեգոյը, ով ուկրաինական շուկաներում կովկասցի առեւտրականների «քաղցկեղային ուռուցք» էր անվանել, հրապարակայնորեն ներողություն է խնդրել: Դա տեղի է ունեցել դեկտեմբերի 28-ին՝ Հերսոնում կայացած մամուլի ասուլիսում:
«Ես ներողություն եմ խնդրում այն արտահայտությունների համար, որոնք վերաձեւակերպվել են մամուլում: Ես նկատի ունեի վերավաճառողներին, որոնց շարքում կան եւ ուկրաինացիներ, եւ ադրբեջանցիներ, եւ հայեր, եւ վրացիներ եւ այլք: Բայց իմ խոսքը ձեւափոխել են»,-ասել է նա, հավելելով, որ «այստեղ ազգայնականության հոտ անգամ չի գալիս», հաղորդում է «Խերսոն Online»-ը: Ինքը՝ Նեգոյը Խերսոնի մարզում գյուղատնտեսական մեծածախ շուկայի տնօրենն է:
Հիշեցնենք, որ կովկասցիների (վրացիների եւ ադրբեջանցիների) մասին Նեգոյի արտահայտությունների շուրջ աղմուկը բարձրացել է դեկտեմբերի սկզբին: Նա դեկտեմբերի 6-ին, մամուլի ասուլիսում ասել է հետեւյալը. «Տեսեք, որ մեր շուկաներում առեւտուր են անում ադրբեջանցիներն ու վրացիները. դա մեր պետության քաղցկեղային ուռուցքն է: Ռուսաստանը նրանց վռնդել է եւ նրանք տեղավորվել են Ուկրաինայում», գրում է «Խերսոնյան լուրեր» պարբերականը:
Vesti.az-ի փոխանցմամբ, այդ արտահայտությունը վրդովմունք է առաջացրել Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատանը: Դիվանագիտական ներկայացուցչությունը «պատգամավորի վարքը դատապարտող դիմում է պատրաստում՝ ուղղված երկրի տարբեր ատյաններին»: Ուկրաինայի ադրբեջանցիների կոնգրեսում խոստացել են խիստ արձագանքել վիրավորանքին, նշելով, որ պատգամավորի կողմից նման արտահայտություններն անթույլատրելի են:
Ուկրաինայի ադրբեջանցիների կոնգրեսը մտադիր է պատգամավորից ճշտել, թե ինչն է նրան դրդել նման այլատյաց հայտարարություն անել, ինչպես նաեւ պահանջել հանդես գալ հրապարակային հերքմամբ, եթե լրատվամիջոցները խեղաթյուրել են նրա խոսքը, կամ էլ ներողություն խնդրել ադրբեջանցիներից:
Lenta.ru-ի փոխանցմամբ, Ֆյոդոր Նեգոյը «Նեժդաննի» գյուղատնտեսական մեծածախ շուկայի գլխավոր տնօրենն է: Այդ շուկան մրցակցում է Խերսոնի կենտրոնական շուկայի հետ, որը գլխավորում է ադրբեջանցի Նուրադդին Յուսիֆովը:





























