Իմ Ուկրաինա ժամանելու առաջին պահից ես աշխատել եմ հայ համայնքի համախմբվածության եւ հայ-ուկրաինական հարաբերությունների ակտիվացման համար: Այս մասին Analitika.at.ua-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը:

Նրա խոսքով, 2012 թվականը կարելի է համարել օրինակելի տարի՝ հայ համայնքի համակարգված զարգացման առումով, կարեւոր շատ բան է արվել, շատ խոստումնալից նախագծերի սկիզբ է դրվել:

«Ինձ՝ որպես դեսպանի, որպես հայի, շատ է ուրախացնում, որ Ուկրաինայի հայ համայնքը զարգանում է ճիշտ ուղղությամբ, լուծվում են բազմաթիվ հարցեր, բացվում նոր դպրոցներ ու վանքեր, անցկացվում սպորտային մրցույթներ, կոնֆերանսներ եւ կլոր սեղաններ, իրականացվում սոցիալական ծրագրեր եւ շատ այլ բաներ:

Իհարկե, բոլոր խնդիրները միանգամից լուծել անհնար է, մենք դեռ շատ անելիքներ ունենք, բայց դրական դինամիկան ակնհայտ է: Նշեմ, որ Ուկրաինայի պետությունն ամեն կերպ օժանդակում է դարերով այս հրաշալի հողում ապրող ժողովուրդների ազգային մշակույթների, լեզուների, սովորույթների պահպանմանն ու զարգացմանը:

Ցանկանում եմ, որ նոր 2013 թվականին գործերն ավելի լավ գնան, Հայաստանի եւ Ուկրաինայի ժողովուրդներն ապրեն բարվոք եւ խաղաղ երկնքի տակ: Թող Նոր տարին մեր ժողովուրդներին բարգավաճում եւ բարեկեցություն բերի: Թող իրականանան բոլոր պլաններն ու երազանքները»,-նշել է հայ դեսպանը: