Թուրքիան, չկարողանալով հեռախոսազանգերի միջոցով իր բողոքը հայտնել եւ ապացուցել, որ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը հակասում է Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական հարաբերությունները կարգավորող արձանագրություններին` որոշել է բարձրաստիճան դիվանագետներին ուղարկել խնդրով հետաքրքրված երկրներ:

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ` Թուրքիայի արտգործնախարարության խորհրդական Ֆերիդուն Սինիրօղլուն փետրվարի 4-ին կմեկնի Շվեյցարիա: Բեռնում Սինիրօղլուն կհանդիպի շվեյցարացի իր գործընկեր Միխայել Ամբուլի (Michael Ambuhl) հետ եւ կբացատրի Հայաստանի ՍԴ-ի որոշման ու ստորագրված արձանագրությունների անհամապատասխան կետերը եւ կպահանջի, որ Հայաստանը հավատարիմ մնա ստորագրված արձանագրությունների բովանդակությանը` հակառակ դեպքում Թուրքիան հնարավորություն չի ունենալու շարունակել գործընթացը:

Միխայել Ամբուլը 2008 թվականի հուլիսի 8-ից սկսած գաղտնի բանակցությունների «ճարտարապետներից» է:

Անկարայի կողմից սկսված դիվանագիտական հարձակումը առաջին փուլում խնդրով հետաքրքրված երկրների ներկայացուցիչների հետ դեմ առ դեմ հանդիպումներով կարտահայտվի, այնուհետ գրավոր պատրաստվելիք իրավական փաստաթուղթը կուղարկվի կողմերին: Թուրքիան Շվեյցարիայից հետո կշարունակի դիվանագետների գործուղումը Մինսկի խմբի համանախագահ երկրներ` ԱՄՆ, Ռուսաստան եւ Ֆրանսիա:

NEWS.am-ը հիշեցնում է, որ Թուրքիայի ԱԳՆ-ը հունվարի 19-ին հայտարարություն էր տարածել, որ Հայաստանի ՍԴ-ի որոշումը, կապված հայ-թուրքական ստորագրված արձանագրությունների հետ` նախապայմաններ է պարունակում եւ չի համապատասխանում արձանագրությունների տառին եւ ոգուն: Հայաստանի ԱԳ ղեկավարը հանդես եկավ համապատասխան հայտարարությամբ, որ արձանագրություններում նախապայմաններ չկան եւ այն համապատասխանում է ստորագրված արձանագրությունների բովանդակությանը եւ հույս հայտնեց, որ սրանով Թուրքիան չի փորձում անհարկի ձգձգել գործընթացը:

Թուրքիան չբավարարվեց Հայաստանի ԱԳ նախարարի հայտարարությամբ եւ շարունակում է իր պնդումները: Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն այս խնդրի շուրջ արդեն հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Սակայն Թուրքիայի այս անհիմն պնդումներին լուրջ չեն վերաբերվում, ավելին՝ ԱՄՆ-ը նույնիսկ բարձր գնահատեց Հայաստանի ՍԴ-ի որոշումը: