«Թուրքիան շատ լուրջ տեղաշարժերի մեջ է գտնվում, թե աշխարհաքաղաքական առումով` իր քաղաքական վեկտորի դեպի արեւելք շրջման տեսքով, թե թուրքական ինքնության մեջ տեղի ունեցող տեղաշարժերով»,- NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը՝ հավելելով, որ դրան գումարվում է նաեւ քաղաքական համակարգի փոփոխությունը, որը Թուրքիան պետք է իրականացնի դեպի Եվրոպա իր ճանապարհին:
«Թուրքիան իր ինքնության փնտրտուքների մեջ է եւ այդ փնտրտուքները պարտադրում են ներսում բավականին լուրջ ագրեսիվ վարքագիծ դրսեւորել: Այս պարագայում, հատկապես պետք է շատ զգուշավոր լինել Թուրքիայի հայերը, որովհետեւ ինչպես դեպքերն են ցույց տալիս, նման իրավիճակներում, երբ թուրք հասարակությունն իր ինքնության փնտրտուքների մեջ է եւ շրջվում է դեպի արեւելք, դրոշակակիր լինել նրա ժողովրդավարացման հարցերում՝ վտանգավոր է: Ցավոք սրտի, Հրանտ Դինքը հենց այդ գործընթացի զոհը դարձավ»,- ընդգծեց նա:
Այնուհետեւ անդրադառնալով քրդական խնդրին, Ս. Սաֆարյանն ասաց. «Քրդական խնդիրը Թուրքիայի համար ամենակարեւոր ներքաղաքական գործոններից է եւ պատահական չէ, որ անգամ հայ-թուրքական գործընթացում հայտնվում են դրույթներ, որտեղ նշում է թե որեւէ մեկը չպետք է աջակցություն ցուցաբերի ահաբեկչությանը: Այսինքն անգամ հայ-թուրքական արձանագրություններում քրդական հետքն ակնհայտ է»:
Հարցին, թե կարո՞ղ է պատահել, որ Թուրքիայի ղեկավարությունը վտանգ զգալով, որ երկրի ժողովրդավարացումը կարող է սպառնալ Թուրքիայի ամբողջականությանը, հրաժարվի ԵՄ անդամակցության իր նկրտումներից, պատգամավորը պատասխանեց. «Իր տարածքային ամբողջականությունը պահպանելու համար Թուրքիան կարող է հրաժարվել ամեն ինչից: Բայց նա առայժմ ունի թե ռեսուրսներ, թե ցանկություն, ապահովելու իր տարածքային ամբողջականությունը, միաժամանակ շարժվելով եվրոպական ուղղությամբ»:
Նա նաեւ նկատեց, որ միջազգային հանրությունը չկարողացավ շատ լուրջ քննադատության ենթարկել Թուրքիային` քրդական կուսակցությունը կասեցնելու համար, որովհետեւ Թուրքիան գիտի, որ աշխարհը շատ հարցերում կախված է Թուրքիայից, մասնավորապես՝ նա ՆԱՏՕ-ի շրջանակներում ահաբեկչության դեմ պայքարում կարեւոր դերակատար եւ դաշնակից է Եվրոպայի համար:
«Թուրքիան գիտի ինչ կարող է անել եւ ինչքան կարող է անել: Դժվարանում եմ ասել, թե կլինի՞ այնպիսի պահ, երբ Թուրքիան ստիպված լինի ընտրություն կատարել այդ երկուսի միջեւ: Դա կախված է մերձավորարեւելյան զարգացումներից, Իսրայելից, Իրաքից, Իրանից, Իրան-Աշխարհ հարաբերություններից եւ այլ գործոններից»,- հավելեց Ս. Սաֆարյանը:



























