Թուրքիան շարունակում է իր գործունեությունը Հարավային Կովկասում խաղաղություն եւ կայունություն հաստատելու շրջանակներում եւ, որպես տարածաշրջանի կարեւոր երկիր, փորձում է կարգավորել ԼՂ խնդիրը: Այս մասին փետրվարի 3-ին «Թուրքիայի տեղը ուժերի հարաբերակցության փոփոխման լույսի ներքո» խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Թուրքիայի վարչապետը ԵԱՀԿ Մինսկի խմբին կրկին կոչ է արել ակտիվացնել իր ջանքերը Ղարաբաղի հակամարտության լուծման գործում: Նա կրկին ընդգծել է, որ Ադրբեջանը Թուրքիայի համար կարեւոր երկիր է, որի հետ նա ցանկանում է զարգացնել պատմական եւ մշակութային կապերը:

Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշմանը՝ Էրդողանը չի թաքցրել իր հիասթափությունը, նշելով. «Մենք պնդում ենք, որ պետք է հարգել ստորագրված արձանագրությունները, Թուրքիան հավատարիմ է իր պարտավորություններին եւ Հայաստանը նույնպես պետք է հարգի ստորագրված փաստաթղթերը»: