Հայ-թուրքական արձանագրությունները մեր կողմից վավերացվելու են առանց նախապայմանների։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիմանը հայտարարեց ՀՀԿ անդամ Գագիկ Մելիքյանը։ Հանրապետական պատգամավորը չժխտեց այն փաստը, որ Թուրքիան Հայաստանի հետ խոսում է նախապայմանների լեզվով, սակայն հավաստիացրեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված արձանագրություններում նախապայմաններ չկան։
Հանդիպմանը ներկա «Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի նախագահ Ռուբեն Հակոբյանի կարծիքով, իշխանությունները թեեւ համոզում են ժողովրդին, թե արձանագրություններում նախապայմաններ չկան, սակայն այսօր իրենք էլ գիտակցում են փաստաթղթերում նախապայմանների առկայության փաստը։
«Իզուր չէ, որ հայ-թուրքական հաշտեցման գործընթացը սկսվել է ֆուտբոլային դիվանագիտությամբ։ Ինչպես եւ ֆուտբոլում, այս դիվանագիտության մեջ կողմերը փորձում են „խաբս“ տալ»,-նշեց վերլուծաբանը՝ հավելելով, որ այս խաղում շահող է դուրս գալիս Թուրքիան։
Ըստ նրա՝ Թուրքիան այս գործընթացով կարողացավ տարածաշրջանային կարեւոր դեր ստանալ, հասավ նրան, որ Հայաստանի իշխանությունները սառեցրին Ցեղասպանության ճանաչման գործընթացը, եւ անջրպետ ստեղծվեց Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ։
Հակոբյանը վերջում ընդգծեց, որ Հայաստանի իշխանություններն այս գործընթացը նախաձեռնելով՝ փորձել են ժողովրդի ուշադրությունը շեղել ներքաղաքական կյանքից, եւ նրանց դա հաջողվել է։




























