Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ փետրվարի 4-ին ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթայնբերգին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը, որի կազմում են ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը, Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչը, պաշտոնատար այլ անձինք:
Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահ Սարգսյանն ասել է, թե նախորդ հանդիպումից բավական ժամանակ է անցել եւ այդ ընթացքում կարեւոր իրադարձություններ են տեղի ունեցել:
Սերժ Սարգսյանի խոսքով` որոշակի առաջընթաց է արձանագրվել տնտեսության ոլորտում: «Այս ընթացքում ԱՄՆ-ն դարձել է մեր առեւտրային հինգերորդ գործընկերը եւ երրորդը` արտահանման գծով, ինչը մեզ համար չափազանց կարեւոր է: Մենք որոշակի օրենսդրական փոփոխություններ ենք կատարել, ինչը եւս պետք է նպաստի երկկողմ հարաբերությունների խորացմանը»,- ընդգծել է նախագահ Սարգսյանը:
Ջեյմս Սթայնբերգը նախագահին փոխանցել է ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի ջերմ ողջույնները եւ վերահաստատել է ամերիկյան կողմի «պատրաստակամությունն ու ցանկությունը` շարունակելու աշխատել եւ երկկողմ, եւ բազմակողմ հարցերի, այդ թվում նաեւ` տարածաշրջանային խնդիրների շուրջ»:
Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալը բարձր է գնահատել տարածաշրջանային խնդիրների լուծման ուղղությամբ Հայաստանի գործադրած ջանքերը: Նա վերահաստատել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Միացյալ Նահանգների համար շատ կարեւոր է, եւ ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել իր օժանդակությունը գործընթացին: Ջեյմս Սթայնբերգը եւս մեկ անգամ ընդգծել է ամերիկյան կողմի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշման վերաբերյալ` նշելով, որ այն դրական քայլ է գործընթացի շարունակման համար: Ամերիկացի դիվանագետը գործընթացն առաջ մղելու համար անհրաժեշտ է համարել կողմերի քաղաքական կամքի դրսեւորումը:
Նախագահ Սարգսյանը ողջունել է բազմակողմ հարաբերություններում Միացյալ Նահանգների հավասարակշռված քաղաքականությունը:
Նշենք, որ ամերիկացի պաշտոնյան Երեւանում հանդիպել է նաեւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։ Ամերիկացի դիվանագետը Երեւանից մեկնելու է Թբիլիսի, որտեղ հանդիպում կանցկացնի Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակավիլիի եւ այլ պաշտոնատար անձանց հետ: Իսկ արդեն վաղը՝ Մյունխենում Սթայնբերգը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ։



























