Թուրքական Referans-ի թղթակից Բարչն Յինանչը իր հրապարակման մեջ անդրադարձել է Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշման կապակցությամբ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ վերջին շրջանում սկիզբ առած լարվածությանը։ Յինանչը հիշեցնում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ միջնորդ հանդիսացող Շվեյցարիա պետք է գործուղվի Թուրքիայի արտգործնախարարության խորհրդական Ֆերիդուն Սինիրօղլուն՝ Շվեյցարիային ներկայացնելու Հայաստանի ՍԴ-ի որոշման հետ կապված թուրքական կողմի անհանգստությունները։

Referans-ի թղթակիցը ուշադրություն է հրավիրում մի հետաքրքիր հանգամանքի վրա, որ Շվեյցարիայում քրեորեն պատժելի արարք է Հայոց ցեղասպանությունը մերժելը եւ այդ համատեքստում ներկայացնում հետեւյալ հավանական դրվագներից մեկը. "Սինիրօղլուն ժամանում է Շվեյցարիա եւ նրան մամուլի ներկայացուցիչները հարցնում են այցի նպատակը։ Սինիրօղլուն ասում է, որ Հայաստանի ՍԴ-ն որոշում է ընդունել, որ արձանագրություններով համաձայնեցված պատմական ենթահանձնաժողովը իրավունք չունի քննարկելու Ցեղասպանությունը եղել է թե ոչ, քանի որ դա քննարկման թեմա չէ հայկական կողմի համար եւ քանի որ իրենք՝ թուրքական կողմը կարծում է, որ Ցեղասպանություն չի եղել եւ պատրաստ է դրա շուրջ քննարկումներ անցկացնել։ Սինիրօղլուի այս խոսքերը ուղիղ եթերում դիտում են բազմաթիվ շվեցարացիներ եւ մի դատախազ էլ որոշում է Սինիրօղլուի դեմ՝ Հայոց ցեղասպանության ժխտման համար, ըստ Շվեյցարիայի օրենքների՝ քրեական գործ հարուցել։