Աշխարհի խոշորագույն տնտեսությունները միավորող G20-ը հայտարարել է «արժութային պատերազմներից» հրաժարվելու մասին: Այս մասին նշվել է Մոսկվայում G20-ի անդամ երկրների ֆինանսների նախարարների եւ ԿԲ նախագահների հանդիպումից հետո, համապատասխան խմբի հուշագրում:
Հուշագրի նախնական տարբերակը, որը հայտնվել էր մամուլում, ավելի մեղմ էր, բայց վերջին պահին պատվիրակները որոշել են խստացնել այն, ասել է Կանադայի ֆինանսների նախարար Ջիմ Ֆրահերթին: Արդյունքում, ամփոփիչ փաստաթղթում նշվել է, որ կազմակերպության բոլոր երկրները ձգտելու են ձեռնպահ մնալ դեւալվացիայից՝ հանուն մրցունակության բարելավման:
Վերջին ժամանակներս տնտեսության աճի այդ մեթոդը բոլորից ակտիվորեն կիրառել է Ճապոնիան, որը մի քանի ամսում իենը դոլարի նկատմամբ արժեզրկել է 20 տոկոսով: Մյուս կողմից, փաստը, որ հուշագրում չի նշվում Ճապոնիայի գործողությունների մասին, կարող է թույլ տալ Տոկիոյին շարունակել փող տպել, գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը:




























