Փետրվարի 17-ին Կիպրոսում նախագահական ընտրություններ են: Երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում է 11 թեկնածու, ինչը ռեկորդային թիվ է երկրի պատմության մեջ: Համաձայն երկրի սահմանադրության, երկրի ղեկավարը նաեւ կառավարության ղեկավարն է:
Նշվում է, որ այս ընտրություններն ամենածանրն են երկրի պատմության մեջ, քանի որ խորը ֆինանսական ճգնաժամի պատճառով երկիրը գտնվում է դեֆոլտի եզրին: Ներկայումս Նիկոսիան ԵՄ իր գործընկերներից ֆինանսական աջակցության ծրագրի վերաբերյալ որոշում է ակնկալում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Երկրում գործազրկությունը հասել է ռեկորդային ցուցանիշի` 15%-ի:
«Reuters»-ի հաղորդմամբ, ընտրությունների ֆավորիտը համարվում է պահպանողկան Նիկոս Անաստասիադեսը: Ըստ հարցումների` նրա օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 40%-ը: Սակայն եթե առաջատար թեկնածուն ստանա 50% -ից պակաս ձայն, կանցկացվի ընտրությունների երկրորդ փուլ:




























