Եվրամիության երկրների արտգործնախարարները փետրվարի 18-ին Բրյուսելում կայացած նիստում կոչ են արել արագացնել Մոլդովայի, Հայաստանի եւ Վրաստանի հետ ասոցացման մասին համաձայնագրերի նախապատրաստման աշխատանքները
«Խորհուրդը (Եմ արտաքին գործերի) հիշեցնում է, որ Եվրախորհուրդը կոչ է արել համաձայնագրերի հարցում առաջընթացի հասնել` ներառյալ ազատ առեւտրի համապարփակ գոտու ստեղծումը Մոլդովայի Հանրապետության, Հայաստանի եւ Վրաստանի հետ, որպեսզի աշխատանքն ավարտեն նախքան «Արեւելյան գործընկերության» Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովը(2013թ. նոյեմբերի 28-29-ին) », - ասված է ամփոփիչ փաստաթղթում:
Միաժամանակ, ԵՄ-ի ԱԳՆ-ների ղեկավարները նշել են ասոցացման մասին համաձայնագրերի կնքման գործընթացում Ադրբեջանի հետ բանակցություններում ձեռքբերված առաջընթացը:
Նախարարական հանդիպման ամփոփիչ փաստաթղթում նաեւ հաղորդվում է, որ ԵՄ-ն 2010-2013թթ. ընթացքում 1,9 միլիարդ եվրո է տրամադրել «Արեւելյան գործընկերություն» ծրագրի մասնակիցներին` աջակցելով տարվող սոցիալ-տնտեսական բարեփոխումներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, օրերս Թբիլիսիում «Արեւելյան գործընկերություն» ծրագրի շրջանակում ոչ պաշտոնական հանդիպում տեղի ունեցավ, որի ժամանակ Եվրամիության ընդլայնման հարցերով հատուկ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտնել էր, թե ԵՄ-ն հուսով է, որ Վիլնյուսի բարձր մակարդակի հանդիպումը որոշակի արդյունքներ կտա, եւ կհաջողվի ասոցացման մասին համաձայնագրեր կնքել Վրաստանի, Մոլդովայի եւ Հայաստանի հետ, ինչպես նաեւ առաջընթացի հասնել Ադրբեջանի հետ բանակցություններում:
«Արեւելյան գործընկերություն» ծրագիրն ուղղված է Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի, Բելառուսի եւ Ուկրաինայի հետ ԵՄ-ի մերձեցմանը: «Արեւելյան գործընկերության» հիմնադիր գագաթաժողովը կայացել էր 2009թ. մայիսի 7-ին Պրահայում:




























