Տաջիկստանի գլխավոր դատախազությունը փետրվարի 18-ին հանրապետության նախկին վարչապետ Աբդումալիկ Աբդուլոջոնովի արտահանձնման վերաբերյալ հայց է ուղարկել Կիեւ: Այդ մասին լրագրողներին հայտնել  է հանրապետության գլխավոր դատախազի առաջին տեղակալ Աբդուկոդիր Մուհամադիեւը:

Աբդուլաջանովը հեռակա կարգով մեղադրվում է հանցախմբի կազմակերպման, իշխանության գրավման, ահաբեկչության, դիվերսիայի, պետական գույքի յուրացման  մեջ եւ 1997թ.-ից նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: Քաղաքական գործիչն անձամբ լրատվամիջոցների հարցազրույցներում հերքում է հայրենիքում քաղաքական գործունեությանը մասնակցելը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Փետրվարի 7-ին Կիեւի Բորիսպոլի շրջանային դատարանը բավարարել էր դատախազության հայցը փետրվարի 5-ին «Բորիսպոլ» օդանավակայանում ձերբակալված Աբդուլաջանովի ժամանակավոր կալանքի վերաբերյալ: Ըստ դատարանի վճռի` Աբդուլոջոնովը ձեբակալվել է 40 օրով:

Վերջին տասնամյակում Աբդուլոջոնովն ապրել է ԱՄՆ-ում:

Աբդուլոջոնովը Տաջիկստանի վարչապետ եղել է 1992-1993թթ.` հնգամյա քաղաքացիական պատերազմի հենց սկզբում, այնուհետեւ եղել է հանրապետության դեսպանը ՌԴ-ում: 1994թ. առաջին համաժողովրդական ընտրություններին հանրապետությունում առաջադրվել է որպես նախագահի թեկնածու: Սակայն, ըստ պաշտոնական տվյալների, ընտրություններում նա հաղթանակը զիջել է երկիրը մինչ օրս կառավարող Էմոմալի Ռահմոնին: