Եվրամիությունն երեք ամսով երկարացրել է Սիրիայի դեմ պատժամիջոցի գործունեությունն, այդ թվում եւ այդ երկրում զենք ներկրելը, ինչպես նաեւ միջուկային փորձարկումների հետ կապված նոր պատժամիջոցներ է սահմանել ԿԺԴՀ-ի դեմ:

Միաժամանակ ԵՄ պետությունների կառավարությունները որոշել են ընդլայնել Սիրիայում հասարակության պաշտպանության համար նախատեսված ոչ մահաբեր միջոցների ցուցակը եւ տեխնիկական աջակցությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով Reuters-ը:

Ինչպես հայտնել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցները ընդգրկում են մի շարք նոր անունների եւ կազմակերպությունների`ԵՄ «սեւ ցուցակի» մեջ հայտնվելը: Պատժամիջոցները նաեւ ներառում են կրկնակի նշանակություն ունեցող տեխնիկայի, համակարգերի եւ նյութերի, որոնք կարող են օգտագործվել բալիստիկ հրթիռների բաղադրիչներ ստեղծելու մեջ, մասնավորապես ալյումինի մի քանի տեսակների վաճառքի արգելքը:

Հիշեցնենք, որ փետրվարի  12-ին Հյուսիսային Կորեան անցկացրել է իր երրորդ ստորգետնյա միջուկային փորձարկումը: Ենթադրվել է, որ ստորգետնյա պայթյունի հզորությունը եղել է 6-ից 7 կիլոտոննա: Ավելի վաղ` 2006 եւ 2009 թվականներին Փհենյանն անցկացրել է եւս երկու միջուկային փորձարկում:

Փետրվարի 18-ին, Բրյուսելում տեղի կունենա ԵՄ 27 երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպումը: