Հայ ընտրողները եկել են ընտրատեղամասեր մասնակցելու ընտրություններին, որոնք Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին կթողնեն երկրորդ հնգամյա ժամկետի, եւ կպահպանեն կայունությունը մի երկրում, որ դառնում է ԱՄՆ-ի առավել կարեւոր դաշնակից Իրանի ատոմային հավակնություններիկն հետեւելու գործում: Այդ մասին ասվում է New York Times-ում հրապարակված հոդվածում:

Հոդվածում նշվում է, թե Սարգսյանը համեստ տնտեսական առաջընթացի ետեւում է կանգնած, այն ժամանակ, երբ փակ են Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ սահմանները:

Հեղինակը նկատում է, թե Սերժ Սարգսյանի հիմնական ընդդիմախոսները դուրս մնացին պայքարից, իսկ նախընտրական քարոզարշավն ուղեկցվեց անսպասելի իրադարձություններով` Անդրեաս Ղուկասյանի հացադուլով եւ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձով:

«Պարոն Սարգսյանի ակնկալվող երկրորդ ժամկետը մանրազննին ուսումնասիրվելու է Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորման նախանշանների առումով, նաեւ այն համատեքստում, թե կնվազեցնի արդյոք Հայաստանը աջակցությունը Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցներին, քանի որ այդ պատժամիջոցները բարդացնում են կյանքը երկու երկրներում էլ»,- ասվում է հոդվածում:

«Ունենալ Իրանի պես միակ տնտեսական կենսականորեն կարեւոր երակ, այնքան էլ հեշտ գործ չէ: Նրանք շատ զգույշ են եղել ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի եւ ԵՄ պատժամիջոցների պահպանման հարցում: Դա արվել է ի հաշիվ Հայաստանի: Նրանց համար այդ վիճակն ավելի է բարդանում»,- ասել է բարձրաստիճան դիվանագետը, ով ցանկացել է անանուն մնալ: