Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը պատասխան նամակ է ուղարկել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին։

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Գյուլը նամակում իր լավագույն ցանկությունները հայտնելուց հետո անդրադարձել է տարածաշրջանային զարգացումների հետ կապված Թուրքիայի տեսակետին։ Ա. Գյուլը նաեւ ցանկություն է հայտնել զարգացնել Հայաստանի հետ փոխադարձ հարաբերությունները: Նամակի բովանդակությունը կներկայացվի օրվա ընթացքում։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիա մեկնելիս ուղերձ էր հղել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին, որում մասնավորապես նշվել էր, թե «հայ եւ թուրք ժողովուրդների` միմյանց հանդեպ ունեցած կարծրատիպը կոտրելու, փոխվստահության մթնոլորտ ձեւավորելու խնդրում հիմնական դերը վերապահված է իշխանություններին»: «Մենք պետք է գիտակցենք, որ ժամանակն այս դեպքում ոչ թե նպաստում է գործընթացին, այլ իմաստազրկում է այն»,- նկատել էր Հայաստանի նախագահը: