Միսիսիպի նահանգն ԱՄՆ-ի նահանգներից ամենավերջինն է վավերացրել ստրկության վերացումը` երկրի տարածքում դրա ուժի մեջ մտնելուց 148 տարի անց:
1995թ. Միսիսիպի նահանգի Սենատը եւ Ներկայացուցիչների պալատը միաձայն վավերացրել էին 13-րդ փոփոխությունը, սակայն այն պաշտոնական ուժ չէր ստացել, քանի որ փաստաթղթի պատճենը չէր ուղարկվել ԱՄՆ-ի դաշնային ռեեստր:
Դրան բոլորովին վերջերս ուշադրություն էր դարձրել գիտնական, Միսիսիպիի համալսարանի դոցենտ Ռանջան Բաթրան` պատմելով սխալի մասին: Այդ պատճառով էլ միայն 2013թ. փետրվարի 7-ին էր ԱՄՆ-ի դաշնային ռեեստրի տնօրեն Չարլզ Բարտը հայտարարել փոփոխության պաշտոնական վավերացման մասին:
ԱՄՆ-ի Սահմանադրությունում 13-րդ փոփոխությունն ուժի մեջ էր մտել 1865թ. դեկտեմբերի 6-ին, երբ այն վավերացվել էր նահանգների անհրաժեշտ երեք քառորդի կողմից (այդ ժամանակ գոյություն ունեցող 36-ից 27-ը): Որոշ նահանգներ այդ քայլին դիմել էին 100 տարի անց: Օրինակ, Կենտուկիում դա արվել էր միայն 1976թ., հաղորդում է vesti.ru-ն:
Հատկանշական է, որ Ռանջան Բաթրան փաստաթղթերով հետաքրքրվել էր Սթիվեն Սփիլբերգի «Լինքոլն» ֆիլմը դիտելուց հետո:




























