«ԼՂ բանակցություններում ակտիվացումն ակնհայտ է, եւ արդեն նպատակ է դրվում առաջիկա 2 ամիսների ընթացքում բանակցային գործընթացում արձանագրել որոշակի եւ ճակատագրական նշանակության արդյունքներ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

«Սոչիի հանդիպմանը խնդիր էր դրվել հիմք ստեղծել այդ վճռական քայլի համար: Այդ համաձայնեցված նախաբանն, ըստ էության, շրջանակային համաձայնությունն է այն սկզբունքների վերաբերյալ, որոնց մասին վերջին ամիսներին շատ է խոսվում: Միանգամայն տեղին է մտահոգությունը, որ տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքների համադրումը կարող է ենթադրել ԼՂ-ի լայն ինքնավարություն Ադրբեջանի կազմում»,- ասաց նա:

Հարցին, թե առաջիկա ամիսներին ի՞նչ պետք է սպասել ԼՂ հարցում, քաղաքագետը պատասխանեց. «Թեեւ գրեթե բոլորը պնդում են, որ հայ-թուրքական զարգացումները կապված չեն ԼՂ խնդրի հետ, սակայն դրանց ժամանակային առումով զուգակցումը ցույց է տալիս, որ այդ կապը միանգամայն առարկայական է, եւ դա անտեսել գործնականում հնարավոր չէ: Երբ մենք տեսնում ենք, որ Անկարան շարունակաբար, պնդում է, որ չի վավերացնելու արձանագրությունները, եթե լուրջ առաջընթաց չլինի ԼՂ կարգավորման հարցում, եւ այդ պնդումների ֆոնի վրա համանախագահների կողմից գործադրվող ակտիվ ջանքերն ու պրեսինգը Հայաստանի ու Ադրբեջանի վրա, ապա ակնհայտ է դառնում, որ այդ երկու գործընթացները կապված են: Այն, որ համանախագահները երկշաբաթյա ժամկետ են տվել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին՝ տեսակետ հայտնել առաջարկված փաստաթղթի վերաբերյալ, պայմանավորված է հենց այն ձգտումով, որ շուտափույթ, մինչեւ ապրիլի 24-ը հասնել որոշակի առաջընթացի, որպեսզի դա նպաստի հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը Թուրքիայի կողմից»:

Հիշեցնենք, որ Սոչիում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո համանախագահները հայտարարեցին, թե իրենք ակնկալում են, որ երկշաբաթյա ժամկետում երկու նախագահները կներկայացնեն իրենց առաջարկությունները մադրիդյան փաստաթղթի նորացված տարբերակի վերաբերյալ: Նկատենք, սակայն, որ այդ երկշաբաթյա ժամկետն արդեն ավարտվել է, եւ որեւէ կողմից որեւէ արձագանք դեռ չկա: