Հայաստանն արդեն կարող է հայտարարել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը տապալվել է Թուրքիայի պատճառով: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը՝ մեկնաբանելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Լոնդոնի Chatham House-ում արած հայտարարությունը՝ հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարան ուղարկելու եւ վավերացման գործընթաց սկսելու մասին: «Պարզ էր, որ նախագահը արձանագրությունները Սահմանադրական դատարան ներկայացնելուց հետո դրանք, ի վերջո, պիտի ներկայացներ խորհրդարան: Դրա մեջ արտառոց ոչինչ չկա: Բայց հարցը այն է, որ նախագահն ասում է՝ սպասենք, որ Թուրքիան վավերացնի, եւ եթե ձգձգի, կհամարենք որ տապալված է»,- նկատեց Մանոյանն ու հավելեց, «Մենք կարծում ենք, որ Թուրքիան արդեն ձգձգում է, եւ արդեն Հայաստանը կարող է հայտարարել, որ Թուրքիայի պատճառով գործընթացը տապալվել է»:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ Լոնդոնում արած հայտարարությանը, թե մտադիր է հայ-թուրքական սահմանի բացմանը հրավիրել Ադրբեջանի նախագահին՝ Կիրո Մանոյանը նշեց. «Ասել, ասել է: Դեռ շատ հեռու ենք դրանից»: