Բուլղարիայի Ազգային ժողովն ընդունել է կառավարության հրաժարականը` վարչապետ Բոյկո Բորիսովի գլխավորությամբ: Ինքը` վարչապետը, խորհրդարանի նիստին չի մասնակցել:
Կառավարության հրաժարականին «կողմ» է քվեարկել 209, «դեմ»` 5 պատգամավոր, ձեռնպահ է մնացել մեկ պատգամավոր: Այժմ Բուլղարիայում պետք է ստեղծվի ծառայողական կառավարություն` արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու համար, հաղորդում է «Վեստի.ռու»-ն: Ծառայողական կառավարությունն օրենքով ձեւակերպում է ղեկավար կուսակցությունը:
Սակայն ղեկավար «Քաղաքացիներ` Բուլղարիայի եվրոպական զարգացման համար» կուսակցությունը, որի ղեկավարը հանդիսանում է Բոյկո Բորիսովը, հրաժարվել է որեւէ մասնակցություն ունենալ ժամանակավոր կառավարության մեջ:
Եթե Բուլղարիայում ծառայողական կառավարություն չկազմավորվի` հանրապետության նախագահ Ռոսեն Պլեւնելիեւն ինքն իր հայեցողությամբ կնշանակի ժամանակավոր կառավարության անդամներին:
Հիշեցնենք` փետրվարի 20-ին, Բոլղարիայի վարչապետը հայտարարել է, որ որոշում է ընդունել ողջ կառավարության հետ պաշտոնաթող լինել` երկրում էլեկտրաէնրգիայի բարձր գների պատճառով սկսված զանգվածային բողոքների կապակցությամբ, որոնք այնուհետեւ վերաճել են ոստիկանության հետ արյունահեղ բախման:




























