Նախագահի թեկնածու, ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն այսօր` փետրվարի 21-ին հանդիպել է Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Լաուրենտիու Հրիսթային, ում հետ քննարկել է ՀՀ նախագահական ընտրությունների հետ կապված հարցեր:
«Ասացի` ակնհայտ կեղծված ընտրությունները չեն կարող քայլ առաջ համարվել անգամ ամենաներողամիտ դիտորդական առաքելության կողմից: Նրան փոխանցեցի նաեւ այն տեսագրությունը, որում ակնհայտ երեւում է, թե ինչպես են ուղիղ եթերում չքանում իմ օգտին տրված շուրջ տասնմեկ հազար քվեները: Պարոն Հրիսթեայի ուշադրությունը հրավիրեցի այն հանգամանքի վրա, որ կատարվածն այս համատեքստում ստվերում է ոչ միայն ՀՀ ընտրությունները, այլեւ միջազգային դիտորդների գնահատականների իրավաչափությունը, քանի որ այլեւս անհնար է անտեսել բացահայտ կեղծարարության փաստը:Առաջիկայում հանդիպելու եմ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի մշտական անդամ պետությունների դեսպանների հետ` պայմանավորվել եմ արդեն Չինաստանի եւ Ռւսաստանի դեսպանների հետ ու սպասում եմ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի դեսպանների արձագանքին»,- գրել է Մելիքյանը Facebook-ի էջում:
Նշենք, որ Արման Մելիքյանը պաշտոնական տվյալներով ստացել է 0,24 տոկոս ձայն կամ 3520 քվե:




























