Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը հայտարարել է, որ Լոնդոնը չի պատրաստվում Հունաստանին վերադարձնել Պարթենոնի արձանները, որոնք Աթենքից դուրս են բերվել 19-րդ դարում, հաղորդում են հունական լրատվամիջոցները:
Քեմերոնն այդ մասին հայտնել է Հնդկաստան այցելության ժամանակ, երբ նրան հարցրել են, թե արդյոք իր երկիրը կվերադարձնի՞ հայտնի «Կոհինոր» ադամանդը, որն այժմ զարդարում է Մեծ Բրիտանիայի թագուհու գահը:
105 կարատանոց ադամանդը Հնդկաստանից դուրս է բերվել գաղութային շրջանում, իսկ այժմ շատ հնդիկներ, այդ թվում Մահաթմա Գանդիի թոռը, պահանջում են այն հետ վերադարձնել:
Քեմերոնը ափսոսանք է հայտնել 1919 թվականին Հնդկաստանի Ամրիտսարում ցուցարարների սպանության համար, բայց ադամանդը վերադարձնել հրաժարվել է:
«Ես չեմ կարծում, որ դա ճիշտ մոտեցում է… Դա նույն հարցն է, ինչ Էլգինի մարմարների հարցը»,-ասել է Բրիտանիայի վարչապետը: Նրա խոսքով` Բրիտանական թանգարանը եւ մյուս մշակութային կազմակերպությունները ճիշտ են վարվում` թույլ տալով ողջ աշխարհի մարդկանց դիտել այդ էքսպոնատները:




























