Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Շնորհավորական ուղերձում նա մասնավորապես նշել է. «Հարգելի պարոն նախագահ,

Ընդունեք ամենաջերմ շնորհավորանքներս 2013թ. փետրվարի 18-ի ընտրություններում Ձեր հաղթանակի կապակցությամբ: Համոզված եմ, որ այն կուժեղացնի ժողովրդավարական, կայուն եւ բարգավաճ, բոլոր հարեւանների հետ խաղաղության մեջ ապրող Հայաստան կերտելու Ձեր կամքը: Ցանկանում եմ նորից ընդգծել Ֆրանսիայի աջակցությունն այս ուղղությամբ տարվող Ձեր ջանքերին:

Ընտրություններից հետո, վերահաստատում եմ նաեւ վճռականությունս գործի դնել ամեն հնարավորը՝ ի նպաստ Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության: Մինսկի խմբի համանախագահ եւ Հայաստանի բարեկամ Ֆրանսիան մնում է վճռական օժանդակելու չափազանց երկար տեւած Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ արդար կարգավորմանը:

Օգտվում եմ առիթից վերահաստատելու իմ անձնական կապվածությունը մեր երկու ժողովուրդներին միավորող բարեկամությանը: Համոզված եմ, որ մեր հետագա երկկողմ ձեռնարկումները հնարավորություն կընձեռեն ամրապնդելու մեր համագործակցությունը՝ մասնավորապես տնտեսական ոլորտում, որը նույն բարձրության վրա չէ, ինչպիսիք մեր քաղաքական շփումներն են»: