Այսօր` փետրվարի 21-ին, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ դեսպան Սուրեշ Բաբուին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը հատուկ կարեւորություն է տալիս հայ-հնդկական պատմության խորքից եկող, ավանդական բարեկամական փոխհարաբերություններին եւ շահագրգռված է երկկողմ փոխգործակցության շարունակական զարգացմամբ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Բաբուն նախ նշել է, որ ինքը ուշադրությամբ հետեւել է նախագահական ընտրությունների ընթացքին եւ իր կառավարության անունից շնորհավորել բարձր մակարդակով անցկացված ընտրությունների կապակցությամբ։ Դեսպանը վստահեցրել է, որ կարեւոր ներդրում կունենա երկու բարեկամ ժողովուրդների միջեւ գոյություն ունեցող կապերի էլ ավելի ընդլայնման եւ խորացման գործում:

Զրուցակիցներն անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաների, այդ թվում քաղաքական երկխոսության, միջազգային կազմակերպություններում համագործակցության, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առեւտրատնտեսական հարաբերությունների ամրապնդման, մշակութային փոխանակումների ակտիվացման վերաբերող հարցեր:

Հանդիպման ընթացքում գոհունակությամբ նշվել է, որ Հայաստանը եւ Հնդկաստանը բազմաթիվ միջազգային եւ տարածաշրջանային հիմնախնդիրների վերաբերյալ միեւնույն կամ իրար շատ մոտ տեսակետներ ունեն: Այս համատեքստում, նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել Հնդկաստանի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ: