Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը շարունակում է պայքարել թոքային անբավարարության դեմ։ Ազգային հեռուստաալիքների ուղիղ եթերում Չավեսի առողջական վիճակի մասին պաշտոնական ամփոփում է կարդացել  Կապի եւ տեղեկատվության նախարար Էռնեստո Վիլյեգասը։ 

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին Վենեսուելայի նախագահը Կուբայում երկամսյա բուժումից հետո հայրենիք էր վերադարձել  եւ տեղափոխվել Կարակասի ռազմական հիվանդանոց։ Տեղական ոչ մի հեռուստաալիք նրա  Կարակաս ժամանելու մասին ոչ մի թողարկում չէր ցուցադրել։ Այդ  կապակցությամբ ընդդիմության ներկայացուցիչներին ի պատասխան՝  խորհրդարանի խոսնակ Դյոսդադո Կաբելյոն հայտնել է. «Դա անառողջ հետաքրքրություն է, որը բացատրվում է ավելի շատ թերթեր կամ հեռուստատեսային գովազդի համար եթեր  վաճառելու ցանկությամբ», հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Անցյալ շաբաթ Վենեսուելայի իշխանությունները հայտնել էին, որ նախագահի «գիտակցությունը տեղն է, եւ նա ամբողջովին կատարում  է պետության ղեկավարի իր պարտականությունները»։ Միաժամանակ Չավեսի փեսա Խորխե Արեասան հրապարակել է վիրահատությունից հետո Չավեսի առաջին լուսանկարները։ Կառավարության հաղորդագրության մեջ նշվում էր, որ բուժման հետեւանքների պատճառով Չավեսը ժամանակավորապես չի կարող խոսել, քանի որ շնչում է հատուկ սարքի միջոցով։