Եգիպտոսում երիտասարդական ընդդիմադիր շարժման ակտիվիստները որոշել են երկրի նախագահ Մուհամեդ Մուրսիին տիեզերք ուղարկել: Ինչպես տեղեկացնում է «Ապրիլի 6» շարժման Facebook-յան էջը, ակտիվիստները նրա անունը ներառել են միջազգային մրցույթի մասնակիցների ցանկում, որը կազմակերպել է Axe օծանելիքի արտադրողը: Մրցույթի արդյունքներով 25 մարդ կարող է մեկժամյա թռիչք կատարել տիեզերանավով: Ակտիվիստները բոլորին կոչ են անում axeapollo.com կայքում քվեարկել Մուրսիի օգտին:

«Տիեզերքում ոչ ոք չի ցանկանում հաշտվել ակնհայտ ստի ու սեփական խոստումներից հրաժարվելու հետ, բացի Լուսնի եղբայրական բնակչությունից: Դրա համար էլ նախագահին այդքան պետք են ձեր ձայները: Նախագահ Մուրսի, Ձեզ բարի ճամփորդություն ենք մաղթում»,-ասված է ակտիվիստների հայտարարության մեջ, հաղորդում է AFP-ն:

Տեքստի հետ տեղադրված է նաեւ Մուրսիի լուսանկարը` սկաֆանդրով եւ հետեւյալ գրությամբ. «Ես ուզում եմ թռչել տիեզերք, որովհետեւ ես կատարել եմ իմ առաքելությունը»: