ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կողմնորոշվել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատարի թեկնածուի հարցում: Պաշտոնը կառաջարկվի ռազմաօդային ուժերի գեներալ Ֆիլիպ Բրիդլովին, Washington Post-ին հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարության աղբյուրը:
57-ամյա Բրիդլովը Եվրոպայում եւ Աֆրիկայում ամերիկյան ռազմաօդային ուժերի հրամանատարն է: 35 տարվա զինծառայության ընթացքում նա հասցրել է աշխատել Եվրոպայի տարբեր երկրներում, մասնավորապես, ԳԴՀ-ում նա եղել է Ռամշտայն կայանի հրամանատարը:
Rbc-ն գրում է, որ եվրոպական դաշնակիցներին Բրիդլովի թեկնածությունը ներկայացրել է փետրվարի 21-ին Բրյուսել այցելած Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան:
Ավելի վաղ ենթադրվում էր, որ Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի ներկա հրամանատար Ջեյմս Ստավրիդիսին կփոխարինի Ջոն Ալենը, որը գլխավորել էր Դաշինքի խմբավորումն Աֆղանստանում: Սակայն սկանդալային պատմության մեջ ներգրավվելուց հետո Ալենը հրաժարվել էր պաշտոնից:




























