ԱՄՆ-ն արգելափակել է Ռուսաստանի պատրաստած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մամուլի հաղորդագրությունը, որում դատապարտվում էր Դամասկոսի ահաբեկչությունը եւ ցավակցություն էր հայտնվում տուժածներին եւ զոհերի հարազատներին, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Ակնհայտ է, որ ԱՄՆ-ի ղեկավարությունն այդկերպ քաջալերում է նրանց, որոնց թիրախը բազմիցս եղել են նաեւ ամերիկյան շահերը, այդ թվում՝ դիվանագիտական ներկայացուցչությունները», - ասված է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչության հաղորդագրությունում:
Ռուսաստանի պատրաստած նախագծում հաստատվում էր, որ ահաբեկչությունն իր բոլոր ձեւերով եւ դրսեւորումներով լուրջ սպառնալիք է միջազգային խաղաղության ու անվտանգությանը եւ արդարացում չունի, իսկ ԱԽ անդամները մտադիր են պայքարել դրա դեմ՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ սահմանված իրենց պարտականություններին համապատասխան:
Իր հերթին Սիրիայի արտաքին գործորի եւ էմիգրանտների հարցերի նախարարությունը նմանատիպ երկու ուղերձ է հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին եւ գլխավոր քարտուղարին՝ Դամասկոսում փետրվարի 21-ի ահաբեկչությունների վերաբերյալ, որոնցից ամենախոշորը Աս Սաուրա փողոցում էր եղել՝ հանգեցնելով 53 մարդու մահվան, հարյուրավոր քաղաքացիներ տուժել էին: Զոհերի մեջ կային երեխաներ եւ ուսանողներ: Տուժածներից մի քանիսը ծանր վիճակում են», - մեջբերում է Սիրիայի պետական ՍԱՆԱ գործակալությունը:
«Սրանք Դամասկոսում եւ սիրիական այլ քաղաքներում «Ալ Կաիդայի» հետ կապված եւ տարածաշրջանի ու արտասահմանյան այլ երկրներից ֆինանսական, լոգիստիկական եւ տեղեկատվական աջակցություն ստացող գրոհայինների զինված խմբավորումների իրագործած ահաբեկչությունների շարունակությունն են», - ասված է Սիրիայի ԱԳՆ-ի ուղերձներում:




























