Կանադայի Տորոնտո քաղաքի Սկարբորո-Էջենկորտ դաշնային ընտրական շրջանից ընտրված խորհրդարանի անդամ Ջիմ Քարիջիանիսը հայտարարությամբ է հանդես եկել Ղարաբաղյան շարժման 25-ամյակի վերաբերյալ։
Քարիջիանիսի պաշտոնական ինտերնետային էջում տեղադրված հայտարարության մեջ ասվում է, որ 2013 թ. փետրվարի 20-ին նշվում է Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ժողովրդի ազատագրման շարժման 25-ամյակը։ Այս օրը 1998թ. Լեռնային Ղարաբաղի օրենսդիր մարմինը դիմել է Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանության խորհրդային մարմիններին` խնդրելով ինքնավարությունը Խորհրդային Ադրբեջանի կազմից փոխանցել Խորհրդային Հայաստանի կազմ։ Մեկ շաբաթ անց Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան հայկական ջարդեր, որտեղ տասնյակ մարդիկ ենթարկվեցին կտտանքների եւ սպանվեցին միայն հայ լինելու պատճառով։ Նույնատիպ ոճրագործություններկրկնվեցին նաեւ մայրաքաղաք Բաքվում։
«Խորհրդային Միության փլուզումից հետո արդեն նորանկախ Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ։ 1994թ. մայիսին` արյունալի հակամարտությունից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի միջեւ ստորագրվեց համաձայնագիր հրադադարի մասին», - նշում է խորհրդականը։
Իր հայտարարության մեջ Քարիջիանիսը նշում է, որ այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դե ֆակտո անկախ, ժողովրդավարական եւ ամբողջովին գործող պետություն է ծաղկող շուկայական տնտեսությամբ եւ դինամիկ քաղաքացիական հասարակությամբ, որն աշխատում է իր ազատությունների պաշտպանման եւ անկախության պաշտոնապես ճանաչման ուղղությամբ։
«2012 թ. հուլիսին ես գլխավորում էի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նախագահական ընտրությունների դիտորդների թիմը Կանադայից։ Մենք սկզբից մինչեւ վերջ ականատես եղանք արտակարգ ընտրությունների, մեր ներկայությունը նոր ժողովրդավարությունում ինձ համար դրական ուսուցողական փորձ էր», - ընդգծում է Քարիջիանիսը։




























